Հասարակություն

ԱԺ պատգամավորը՝ Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնության մասին. ոստիկանությունը հերքում է

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր դիմել է Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով քննության առնել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնություն կիրառելու մասին տեղեկությունը: ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամը իր դիմումի մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում։

Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին հղած նամակում գրել է, որ ինքը նոյեմբերի 6-ին այցելել է նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվածներին: Շանթ Հարությունյանը, Փաշինյանի պնդմամբ, իրեն ասել է, որ նոյեմբերի 5-ի երեկոյան իր նկատմամբ բռնություն  են իրաանացրել անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու փոխոստիկանապետ  Հունան Պողոսյանը: Անձամբ ոստիկանապետի կողմից ծեծի ենթարկվելու մասին իրեն հայտնել է նաև ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը:

«Հայկական ժամանակ» օրաթերթը եւս այսօր Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցում խոսել էր Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնության մասին։ Ոստիկանությունը հերքում է Ոստիկանապետի եւ նրա առաջին տեղակալի կողմից Կենտրոնական բաժնում Շանթ Հարությունյանի դեմ բռնության մասին լուրերը՝ դրանք որակելով «մերկապարնոց»։

«Նոյեմբերի 5-ի ուշ երեկոյան ոստիկանության Կենտրոնի բաժնում եղել են շուրջ չորս տասնյակ բերման ենթարկվածներ, որոնց կեսը ազատ է արձակվել: Նրանցից հայտարարություն անողներ են եղել ու միաբերան պնդել են, որ իրենց նկատմամբ որևէ ճնշում չի գործադրվել:

Նույն ժամանակահատվածում բաժնում ու հարակից տարածքում եղել են հարյուրավոր մարդիկ՝ ոստիկաններ, բերման ենթարկվածների ընկեր-բարեկամները, ԱԺ պատգամավորներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, և ինչպե՞ս է, որ ոչ մեկը չի տեսել, չի լսել, չի արձագանքել բռնություններին: Կամ հիշյալ պատգամավորն ինչպե՞ս է պատկերացնում ոստիկանության պետի նման արարքն ընդհանրապես…»,- ասված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ։

Ոստիկանությունը նաեւ նշում է, որ ձերբակալվածներին այցելել են ՁՊՎ-ների հասարակական դիտորդների ու Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը, որոնք եւս բռնության դեպքեր չեն արձանագրել։

Ցուցադրել ավելի
Back to top button