Տնտեսական

Որ հայկական ապրանքատեսակները հասանելի լինեն Իրաքի ժողովրդին

Երեւանում այսօր տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը: Գործարար շփումների աշխուժացման նպատակով, հանձնաժողովի նիստի աշխատանքներին զուգահեռ, Երեւանում անցկացվում է «Արտահանվող հայկական ապրանքներ» խորագրով ցուցահանդեսը, իսկ նոյեմբերի 7-ին տեղի կունենա հայ-իրաքյան գործարար համաժողովը: «Մենք ցանկանում ենք, որ հայկական արտադրատեսակները հասանելի լինեն Իրաքի ժողովրդին եւ, փոխադարձաբար, Իրաքի ապրանքները մեր շուկա հասնեն: Մենք պատրաստ ենք նաեւ քննարկել տարբեր ներդրումային ծրագրեր, փոխադարձ բարենպաստ պայմաններ ստեղծել երկու երկրների գործարարների համար»,- նշեց փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

Կարեն Ղազարյանի հեռախոսային ռեպորտաժը «Ռադիոլուրի» ժամը 18- ի թողարկումից

Հայաստանի եւ Իրաքի փոխվարչապետեր Արմեն Գեւորգյանի ու Ռոուշ Նուրի Շաուեյսի համանախագահությամբ տեղի ունեցած Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստում  ամփոփվեցին 2012թ. նոյեմբերին Բաղդադում կայացած հանձնաժողովի առաջին նիստի արձանագրության կետերի կատարման ընթացքը: Քննարկվեցին ներդրումային, արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր։
Երկուստեք կարեւորվեց գործարարների միջեւ շփումների ակտիվացումը, գործարար հանդիպումների, համաժողովների, ցուցահանդեսների ու տոնավաճառների կազմակերպումը Հայաստանում եւ Իրաքում: Կողմերը պայմանավորվեցին խրախուսել փոխադարձ ներդրումները տարբեր բնագավառներում, ինչպես նաեւ անհրաժեշտ համարեցին համապատասխան տեղեկատվության փոխանակումը:

Արձանագրվեց, որ փոխգործակցության զարգացման մեծ ներուժ է առկա նաեւ զբոսաշրջության ոլորտում. ընդ որում, կան բոլոր նախադրյալները երկկողմ զբոսաշրջության զարգացման համար: Կողմերը պայմանավորվեցին աջակցել երկու երկրների ոլորտային տնտեսվարող սուբյեկտների, կազմակերպությունների միջեւ համագործակցության հաստատմանն ու զարգացմանը:

Տնտեսական կապերի հետագա զարգացման, շփումների ակտիվացման համար երկուստեք անհրաժեշտ համարվեց Հայաստանի եւ Իրաքի միջեւ ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը: Կողմերը պայմանավորվեցին այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ իրականացնել:

Կարեւորվեց գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ուսումնասիրել Հայաստանից Իրաք թարմ պտուղ-բանջարեղեն, հանքային եւ խմելու ջրեր, բնական հյութեր եւ պահածոներ արտահանելու, ինչպես նաեւ գյուղատնտեսական մթերքների արտադրության համատեղ ձեռնարկություններ հիմնելու եւ կենդանի ոչխարների, բրդի, ձկների արտահանման հնարավորությունները:

Կողմերն արձանագրեցին, որ առողջապահության բնագավառում արդեն իսկ համագործակցության հիմքեր ստեղծվել են. 2012թ. երկու երկրների առողջապահական գերատեսչությունների միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, եւ ներկայումս երկկողմ քայլեր են ձեռնարկվում փոխգործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու ուղղությամբ: Փոխվարչապետ Ա. Գեւորգյանը նշեց, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` իրաքցի 10 երեխաներ բուժում կստանան Երեւանում: Երեխաներից հինգն առաջիկայում արդեն կժամանեն Հայաստան:

Էներգետիկայի բնագավառում եւս փոխգործակցության լայն հնարավորություններ կան: Մասնավորապես, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնում Իրաքում իրականացնել կիսակառույց եւ արդիականացման ենթակա էլեկտրակայանների վերակառուցման աշխատանքներ:

Երկուստեք կարեւորվեց մի շարք ոլորտներում համագործակցության հետագա խորացման համար փաստաթղթերի ստորագրման անհրաժեշտությունը: Ներկայումս կողմերի քննարկման փուլում են գտնվում տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մոտ մեկ տասնյակ փաստաթղթեր:

Ցուցադրել ավելի
Back to top button