Քաղաքական

ԵՄ- ն պատրաստվում է դադարեցնել խորհրդատվական խմբի գործունեությունը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Մեր երկրում գործող Եվրոպական Միության  խորհրդատվական խմբի այսօր կայացած 14-րդ նիստի ընթացքում նախանշվել են այս ձևաչափում հայ-եվրոպական համագործակցության հեռանկարները մեր երկրի՝ Մաքսային միութանն անդամակցելու մտադրության ի հայտ գալուց հետո: Արդեն 6 տարի է, ինչ մեր երկրում գործունեություն է ծավալել  ԵՄ խորհրդատվական խումբը: Այս ժամանակահատվածում հաջողվել է իրականացնել բարեփոխումներ ավելի քան հազար ուղղություններով, ինչը չի կարող չգոհացնել , ասում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ով այսօր համանախագահում էր խորհրդատվական խմբի 14-րդ նիստում։

Այսօր ներկայացված կարիքների գնահատման վերանայված հաշվետվությունում խումբը մասնավորապես մեծ ուշադրություն է հատկացրել քրեական, վարչական և քաղաքացիական արդարադատության ոլորտի բարեփոխումներին: Ներկայացվել են նաև առաջարկություններ, մասնավորապես, մարդկանց թրաֆիքինգի, կիբեռհանցագործության, փողերի լվացման և ֆինանսական հանցագործությունների ոլորտներում երկրի մարտահրավերների վերաբերյալ։

Հասկանալի պատճառներով սեպտեմբերի 3-ից հետո, երբ հայտարարվեց մեր երկրի՝ Մաքսային միութանն անդամակցելու մտադրության մասին, խորհրդատվական  խումբը նվազեցրել է իր գործունեությունը տնտեսության ոլորտում: Իսկ մինչ սեպտեմբերի 3-ը Հայաստանը հանդիսանում էր Արևելյան գործընկերության նախաձեռնության ամենաակտիվ մասնակիցներից վերջին 5 տարիների ընթացքում, ինչը մատնանշեց հենց եվրոպական կողմը: Ներկա իրավիճակում անհրաժեշտ է գտնել նոր մոտեցումներ, կարծում է Արթուր Բաղդասարյանը։

Արևելյան գործընկերութան գագաթաժողովին ընդառաջ՝ Հայաստանի յուրօրինակ և բացառիկ դերը պետք է հիմք դառնա հայ-եվրոպական համագործակցության նոր ձևաչափի համար: Այս առումով պաշտոնական Երևանը ակնկալում է համագործակցության խորացում Եվրամիության հետ։ Ավարտվում է Հայաստան-ԵՄ 2012-2013 թվասկանների Գործողությունների ծրագիրը, իսկ հաջորդ տարի կավարտվի նաև  Եվրոպական Միության  խորհրդատվական խմբի մանդատը: Արթուր Բաղդասարյանը համոզմունք հայտնեց, որ խումբը կերկարաձգի իր աշխատանքը արդեն նոր երկամյա ծրագրի շրջանակներում, որն այժմ ձևավորվում է և հաջորդ ամիս կներկայացվի եվրոպական կողմին։

Իր հերթին նիստի մյուս համանախագահող, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան նշեց, որ մինչ այժմ արձանագրված առաջընթացը խրախուսիչ է, սակայն Հայաստանում բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել ավելի շատ աշխատանք: Ըստ նրա՝ երկկողմ համագործակցությունը կշարունակվի և վիրլնյուսյան գագաթնաժողովից հետո։ Դեսպան Հրիստեան նկատեց, որ սեպտեմբերի 3-ից հետո համագործակցության որոշ ուղղություններ պակաս արդիական դարձան, ուստի  խորհրդատվական օժանդակությունը կկենտրոնացվի երկկողմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող քաղաքականության բնագավառներում։

Սակայն, քանի որ Հայաստանը չի ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, Եվրամիությունը մտադիր է դադարեցնել խմբի գործունեությունը: Ինչևէ՝ եվրոպացի դիվանագետը խոստացավ ներկայացնել հայկական կողմի ցանկությունը՝ շարունակել եվրախորհրդատուների գործունեությունը նորացված ձևաչափով՝ որպես բարեփոխումների աջակցության արդյունավետ գործիք։

Ցուցադրել ավելի
Back to top button