ԿարևորՔաղաքական

Անելանելիությունից ծնված իրավիճա՞կ, թե՞ խուլիգանություն. Շանթ Հարությունյանի երեկվա ակցիայի արձագանքները

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Երևանի կենտրոնում տեղի ունեցածը բնորոշում է երկրում ստեղծված  իրավիճակը, այսօր ասել է ԱԺ  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Շանթ Հարությունյանի նախաձեռնած ակցիայի և իրավապահների միջև երեկ տեղի ունեցած բախմանը: Իշխանությունները երկիրը հասցրել են անելանելիության այնպիսի վիճակի, որ շատերն այլ ելք չեն տեսնում, քան ամենածայրահեղ, ընդհուպ մինչև ապօրինի միջոցներին դիմելը, նշել է ընդդիմադիր գործիչը՝ հորդորելով չզարմանալ տեղի ունեցածից:
Այլ են ՀՀԿ- ականների  գնահատականները ՝ տեղի են ունեցել անօրինական գործողություններ և դրանց համապատասխան քայլեր կհտևեն. այսօր ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նույն խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հետ երեկ երեկոյան մի քանի ժամ Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում էր: Նպատակը, ինչպես ընդդիմադիր գործիչն ասաց, այն ակտիվիստներին օգնելն էր, ովքեր հակաիրավական  գործողություններ չէին արել, բայց բերման էին ենթարկվել։ «Այդ 37 բերման ենթարկվածների մեջ կային մեր կուսակցության 3 անդամներ, նաև մարդիկ, ովքեր հակաիրավական քայլեր չէին կատարել»։

Պատգամավորները դրսում հավաքված ակտիվիստներից  են ճշտել  այդ անձանց  ցուցակը և հանդիպել են ոստիկանապետին: Զուրաբյանն ասաց, որ այդ հանդիպումն իրենց «սահմաններն անցնող համառության» շնորհիվ է կայացել։ «Այսպես ասեմ, որոշակի համառության, նույնիսկ սահմաններ անցնող համառության դրսեւորումից հետո մեզ հաջողվեց այդ հանդիպում ունենալ: Արդյունքում՝  բոլոր այն 11 ակտիվիաստները, ովքեր հակաօրինական գործողություններ չէին կատարել, ազատ արձակվեցին»։

Ինչ վերաբերում է տեղի ունեցածի քաղաքական գնահատականներին, ապա Լևոն Զուրաբյանի խոսքով ՝ Երևանի կենտրոնում երեկ տեղի ունեցածը բնորոշում է երկրում ստեղծված իրավիճակը: Մարդկանց մեջ անելանելիության զգացողություն կա, ու  շատերն այլ ելք չեն տեսնում, քան ամենածայրահեղ, ընդհուպ մինչև ապօրինի միջոցներին դիմելը, ասում է  ընդդիմադիր գործիչը ու իշխանություններին  հորդորում չզարմանալ տեղի ունեցածից:

Պատասխանելով հարցին, թե  տեղի ունեցածը  կարո՞ղ է ՀԱԿ-ի եւ առհասարակ քաղաքական իրավիճակի ակտիվացման առիթ դառնալ , Զուրաբյանը պատասխանեց, որ ՀԱԿ-ը երբեք առիթի չի սպասել, այլ շարժվել է իր օրակարգով: Մեր հանրահավաքները կապված են եղել հստակ քաղաքական գործընթացների հետ, ասաց ՀԱԿ ներկայացուցիչը՝ վստահեցնելով, որ կոնգրեսը ձեռքը գործընթացների պուլսի վրա է պահում։ «Քաղաքական  գործընթացը կարծում ենք հասունանում է, ճշգրիտ ասել, որ հենց հիմա մենք պատրաստ ենք դուրս գալ հանրահավաքի, չեմ կարող: Բայց մենք մեր ձեռքը պահում ենք քաղաքական անցուդարձի պուլսի վրա: Եվ ինչ-որ պահի, երբ տեսնենք, որ կարող ենք նախաձեռնել մի գործընթաց, որը հաջողություն կարձանագրի, մենք դա կանենք»։

Գրեթե նույն գնահատականներով են երեկ տեղի ունեցածի մասին խոսում ազատամարտիկները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Խաչիկ Ավետիսյանը նախ արձանագրեց. բոլորս գիտենք, որ  Շանթ Հարությունյանը ինքնատիպ մտածողության գործիչ է, նրա քայլերն ու գործողությունները նույնպես այդ տիրույթում են։ «Շանթը որևէ քայլ գաղտնի չէր անում, բացահայտ ասում էր՝ ինչ է անելու և գնաց ու արեց»։

Թե ինչու ավելի վաղ չկանխվեցին այդ գործողությունները, ազատամարտիկը տարօրինակ է համարում: Իսկ ընդհանուր առմամբ՝ տեղի ունեցածն այսպես է  գնահատում. «Այսօր որեւէ մեկը իրավունք չունի մեղադրել Շանթ Հարությունյանին։ Շանթերը հասարակության այն անդամներն են, ում համբերության բաժակը լցվել է: Իշխանությունն է մեզ դարձնում Շանթ: Շանթն էլ իր ձևով գնաց պայքարելու դրա դեմ, իր մեթոդներով, իր եղանակով»։

Այդ մեթոդները խնդիր ունեն օրինականության ու Քրեական օրենսքրի հետ, նշում են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած իրադարձություններին։ Անկարգություններ են եղել, որոնց պետք է հետևեն օրենսդրությամբ նախատեսված միջոցառումներ, այսօր ասել է ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջարկում է տարբերակել բողոքելու իրավունքն ու հակաօրիանական գործողությունները: Իշխանությունները պատրաստ են հանդուրժել բողոքը, բայց  ոչ խուլիգանությունը, ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։ «Բողոքն արտահայտելու հնարավորություններ կան, բոլորն ազատ են այս առումով, բայց հարձակվելը, կոշտ  գործողությունները հանցածին երևույթներ են, ոչ թե բողոք: Սովորական ժողովրդավարական երևույթներ են ՝ նախագահի հրաժարականն ուզելը, ըմբոստանալը, քննադատալեը, բայց խուլիգանությունը չի կարող քաղաքական ճամբարի երևույթ համարվել»:

Ցուցադրել ավելի
Back to top button