ԿարևորՔաղաքական

Ընտրություններից հետո խնդրի լուծման հնարավորություն է ստեղծվել, ասում է ՄԽ համանախագահը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Հայաստանում և Ադրբեջանում այս տարի տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո ստեղծվել է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հնարավորություն։«Այսօր ընձեռվել է ղարաբաղյան խնդիրը լուծելու հնարավորություն, որը վերջին շրջանում չէր եղել: Միացյալ Նահանգները հավատում է այդ հնարավորությանը»,- ադրբեջանական «Թրենդ»  գործակալությանն ասել է  ամերիկացի դիվանագետը:

Նրա խոսքով՝ տեսնելով առկա հնարավորությունները՝ համանախագահները Բաքվում թեման քննարկել են Ադրբեջանի նախագահի հետ, Երևանում էլ պատրաստվում են դա անել Հայաստանի նախագահի հետ: Ուորլիքը, անդրադառնալով Սարգսյան-Ալիև հանդիպումը մինչև տարեվերջ կազմակերպելու հնարավորությանը, նշել է, որ հանդիպման կազմակերպումը կախված է հենց նախագահներից, իսկ միջնորդները ջանքեր կգործադրեն այս տարվա ընթացքում հանդիպման կազմակերպմանն աջակցելու համար։ «Արդեն երկու տարի է՝ նախագահների մակարդակով հանդիպում չի եղել, և երկու տարվա ընթացում մենք չենք կարողացել առաջընթացի ուղիներ գտնել: Հուսով ենք՝ նախագահները  կհանդիպեն կառուցողական քննարկում անցկացնելու համար, որը կբերի առաջընթացի»,- ամերիկացի համանախագահի խոսքերն է մեջբեում ադրբեջանական գործակալությունը:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը նաև ասել է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները բարդ են, ենթարդում են դժվար ընտրություն, որը, սակայն, պետք է կատարվի։ «Սակայն դա հակամարտություն է, որը կարող է լուծվել և եկել է խաղաղության ուղին գտնելու ժամանակը», ասել է Ջեյմս Ուորլիքը։

Back to top button