Քաղաքական

Դեսպան Նազարյանը ՄԱԿ- ում խոսել է Ադրբեջանում քարոզվող հայատյացության մասին

Նյու Յորքում շարունակվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեի երեկվա նիստի օրակարգի «Ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության ու անհանդուրժողականության այլ ձեւերի վերացում» հարցի կապակցությամբ ելույթ է ունեցել նաեւ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը։

ՀՀ ԱԳՆ- ից հայտնում են, որ դեսպանը նիստի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել  Ադրբեջանի հայատյացության ահագնացող փաստերին` նշելով, որ դրա մասին շարունակում է ահազանգել միջազգային հանրությունը: Որպես օրինակ, դեսպանը նշել է, թե ինչպես Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուները հեռուտաբանավեճերի ընթացքում միմյանց մեղադրում էին հայկական արմատներ ունենալու հարցում, խոսել է նաեւ, որ Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է կրթությունը հայերի դեմ ատելություն խրախուսելու ու տարածելու համար՝ դպրոցական դասագրքերում հայերին վերագրելով  «ֆաշիստ», «ահաբեկիչ» եւ այլ ձեւակերպումներ։

Դեսպան Նազարյանը նաեւ նշել է, որ Ադրբեջանում այդօրինակ բացահայտ ատելությունը հայերի հանդեպ կարելի է համեմատել ռասիզմի պատմության ամենասարսափելի օրինակների հետ, որի համար իշխանությունների կողմից գործի են դրվում բոլոր հնարավոր միջոցները: Նշելով, որ հայատյացությունը Ադրբեջանում վաղուց դարձել է պետական քարոզչամեքենայի անքակտելի մասը՝ ՀՀ դեսպանը կոչ է արել ՄԱԿ անդամ պետություններին դատապարտել Ադրբեջանում աճող անհարդուժողականության ու ռասիզմի երեւույթները՝ հավելելով, որ նմանօրինակ դրսեւորումները կարող են հանգեցնել մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ծանրագույն ոտնահարումներին։

Ցուցադրել ավելի
Back to top button