Հասարակություն

Բախումներ ոստիկանության եւ Շանթ Հարութունյանի կողմնակիցների միջեւ

Ազատության հրապարակում մի քանի օր բողոքի ակցիա անցկացնող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն այսօր կազմակերպել էր «Անանիմուսների» դիմակներով երթ դեպի նախագահի նստավայր, սակայն այն վերածվել է ծեծուջարդի։ Ոստիկանները փակել են ցուցարարների երթը դեպի Բաղրամյան պողոտա, որից հետո Շանթ Հարությունյանի ու իր կողմնակիցների եւ ոստիկանների միջեւ տեղի են ունեցել փայտերով եւ ռետինե մահակներով բախումներ, նաեւ ոստիկանների ուղղությամբ նետվել են պայթուցիկներ։ Սա ականատեսների վկայությունը։

Ոստիկանության տարածած հայտարարության մեջ նշված է, որ «ոստիկանության ներկայացուցիչները Շանթ Հարությունյանին ու նրա կողմնակիցներին հորդորել են զերծ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց, սակայն նրանք չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ավելին` ժամը 17.10-ի սահմաններում, մահակներով ու ձողերով զինված, դուրս են եկել Ազատության հրապարակից` հայտարարելով, որ ցանկանում են երթ կատարել: Ոստիկանության ներկայացուցիչները նրանց  կրկին հորդորել են չխախտել հասարակական կարգը և ազատել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, սակայն նրանք գրպաններից հանել են քարերով լցոնված ինքնաշեն պայթուցիկներ և գետնին հարվածելով` սկսել են պայթեցնել: Ոստիկանական վերակարգերին հաջողվել է կարգի հրավիրել օրինազանցներին և ազատել պողոտան: Երկու տասնյակից ավելի օրինազանց  բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Կան տուժած ոստիկաններ:

Կատարվում է դեպքի վայրի զննություն: Տուժածների և ոստիկանություն բերման ենթարկվածների մասին լրացուցիչ կտեղեկացվի: Ոստիկանությունը հայտարարում է, որ չի հանդուրժելու և ամենայն խստությամբ է արձագանքելու ցանկացած հակաիրավական գործողության, իսկ օրինազանցները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»։

հատված «Ռադիոլուրի» ժամը 18- ին հիմնական թողարկումից

Ցուցադրել ավելի
Back to top button