ԿարևորՔաղաքական

Աթաթյուրքից՝ Էրդողան. գիտաժողով ԳԱԱ- ում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Թուրքիայի Հանրապետության 90 տարին. Աթաթյուրքից՝ Էրդողան». ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ Երևանում այսօր մեկնարկել է միջազգային երկօրյա գիտաժողով՝ նվիրված  Թուրքիայի Հանրապետության պատմությանը, ներքին ու արտաքին քաղաքական հիմնահարցերին: Երկօրյա նստաշրջանի աշխատանքներին մասնակցում են թուրքագետներ, պատմաբաններ, միջազգայնագետներ,  բանասերներ ու փիլիսոփաներ Հայաստանից, Ռուսաստանից և Թուրքիայից: 

Երևանյան գիտաժողովի շրջանակներում երկու օր շարունակ հայ, ռուս ու թուրք գիտնականների ուսումնասիրությունների ու քննարկումների առարկան կլինի Թուրքիայի Հանրապետությունը, որը հոկտեմբերի 29-ին թևակոխեց 90- ամյակը: «Անկախ քաղաքական հարաբերություններից՝ հարևան երկրի պատմական հարցերը պետք է գիտականորեն քննարկվեն»,- ողջույնի խոսքում այսօր ընդգծեց  ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը՝ կարևորելով ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախաձեռնությունը: Ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստայանն էլ նշեց, որ  գիտաժողովի ընթացքում կփորձեն անդրադարձ կատարել Թուրքիայի Հանրապետության պատմության, գաղափարախոսւթյան, ներքին ու արտաքին քաղաքականության կարևորագույն հիմնախնդիրներին։

Գիտաժողովը, իհարկե, նախևառաջ կարևոր է ցեղասպանությանն առնչվող, այսպես ասած, հարակից թեմաների քննարկման տեսանկյունից: Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի զեկույցն այսօր նվիրված էր  թուրքական պաշտոնական պատմագրության մեջ Հայկական հարցի լուսաբանման  առանձնահատկություններին: Թուրքագետի բնորոշմամաբ՝ այս առումով ամենապերճախոսը  դասագրքերն են, որոնց միջոցով կարելի է հստակ պատկերացում կազմել՝ ի՞նչ ոգով է պետությունը կրթում ու դաստիարակում իր քաղաքացուն, հասարակությանը։

Թուրքական պետության հասարակական հատվածում այսօր, իհարկե, դրական խմորումներ կան: Աշխարհը փոքրացել է, տեղեկատվությունն առավել թափանցիկ է դարձել։ Թուրքիայի պաշտոնական պատմագրությունը բազմաթիվ հարցեր անպատասխան է թողնում։ Ըստ թուրքագետի, սակայն, 75 միլիոնանոց Թուրքիայում սեփական պատմությանն առավել ազնիվ ու սթափ մոտեցում ունեցող քաղաքացիների թիվն իրականում այնքան էլ մեծ չէ։

Հանրապետական Թուրքիան 90 տարեկան է: Պետություն, որի տարածքում նաև մեր պատմական հայրենիքի 9/10 մասն է , «պետություն, որի պատմությունը չընդհատվող ցեղասպանությունների շարք է»,- ասում է  տարածաշրջանային  հարցերով փորձագետ, վերլուծաբան  Սարգիս Հացպանյանը։

«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին մնացել է ընդամենը 15 ամիս: Թուրքիային ներկայացվող որևէ հստակ պահանջ Հայաստանն առ այսօր չի ձևակերպել»,- ասում է Սարգիս Հացպանյանը՝ նշելով , որ այդ առիթով երբեմն տարակուսանք են հայտնում անգամ ազգությամբ թուրքերը: Ինչ են պահանջում  հայերը Թուրքիայից և աշխարհից, ըստ Հացպանյանի, հստակ հայտնի չէ։

Ցուցադրել ավելի
Back to top button