Հասարակություն

Ագրարագյուղացիական միության նախագահը հերքում է վարակված կարտոֆիլի պնդումները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Օրերս  վրացական մի քանի լրատվամիջոցներ տեղեկատվություն  են տարածել ու հայտարարել, որ Հայաստանից  վարակված կարտոֆիլ է ներկրվել:  Վրացական  լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կարտոֆիլի նմուշներն ուղարկվել են հատուկ լաբորատորիա, հետազոտության արդյունքում պարզվել է,  որ  կարտոֆիլը  վարակված է, ուստի Վրաստանը Հայաստանին վերադարձնելու է ավելի քան 450 տ  վարակված կարտոֆիլի խմբաքանակը։


Հայաստանի  Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը  հայկական կարտոֆիլի շուրջ ստեղծված աղմուկը հերյուրանք ու կեղծիք է համարում: Վերջինիս  խոսքով՝  այս տարի Հայաստանից շուրջ 10 հազար տոննա կարտոֆիլ  է արտահանվել: Շատ հաճախ գնորդները գերշահույթ ստանալու նպատակով ցածր գնով ապրանք են ցանկանում ձեռքբերել, իսկ ցածր գնով  չի բացառվում, որ վատ որակի կարտոֆիլ ձեռքբերվի։ «Ասել, որ  Հայաստանի կարտոֆիլը վատ որակի է, դա ուղղակի հանցագործություն է։ Այսօր տարածաշրջանում մենք ամենալավ կարտոֆիլագործ հանրապետությունն ենք։ Մենք կարտոֆիլով ինքնաբավ ենք: Եթե Վրաստանն ու Ադրբեջանն ինքնաբավ չեն, Հայաստանը՝ ինքնաբավ է»։

Բերբերյանն ասում է, որ գյուղատնտեսական տարին կարտոֆիլի համար ամբողջ աշխարհում բարենպաստ չի եղել: Անցյալ տարվա համեմատ ՌԴ-ում կարտոֆիլի գինը 30-40 տոկոսով է բարձրացել, Չեխիայում՝ 70, կարտոֆիլի  արտադրությամբ հայտնի  Լեհաստանում անգամ 25 տոկոսով թանկացել է կարտոֆիլը:  Ագրարագյուղացիական միավորման նախագահը մի  քանի անգամ շեշտեց, որ ի փառս իրենց միավորման ու հայ գյուղացիների, Հայաստանում կարտոֆիլի կայուն բերք է գրանցվել: Ի տարբերություն նախորդ տարվա՝ երբ կարտոֆիլի գերարտադրություն կար ու գինը ցածր էր, այս տարի գյուղացին կարտոֆիլի բարձր գնի շնորհիվ ոտքի է  կանգնում, հավելեց  Հրաչ Բերերբյանը:

«Իրազեկ սպառող» հասարակական  կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը , ով երկար տարիներ աշխատում էր ՀՀ ԳՆ Սննդամթերքի պետական ծառայությունում, թվարկեց քայլերը, որ «պետությունը ոչ թե պետք է հերքի, ոչ թե պետք է այս ամեն ինչը քաղաքականցի, որ մարդկանց մոտ խուճապ սկսվի (ինչ որ անում են մեր պետական չինովնիկները), այլ պետք է գնա գործ անի, որ վնասատուները չգնան  ու տարածվեն Հայաստանով մեկ ու կարոտֆիլին վնաս տան»։

Հավելեմ, որ ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով Վրաստան է մեկնել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button