ԿարևորՀասարակություն

Շաբաթօրյա անջատումը ցույց տվեց՝ համակարգի աշխատանքը կարգավորված է (լրացված)

լրացված է ժամը 18։28- ին

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

ԱԺ մշտական հանձնաժողովներն  այսօր ավարտել են  Բյուջե 2014- ի քննարկումները։ Տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում այսօր քննարկվել են  միանգամից մի քանի ոլորտներին՝ արդյունաբերությանը, քաղաքաշինության,  էներգետիկ համակարգին և մի քանի այլ գերատեսչություններին նույնպես  բյուջեից ուղղվելիք հատկացումները:  Ավարտելով  բյուջետային քննարկումների առաջին փուլը՝  մինչ   նոյեմբերի 8-ը, ԱԺ պատգամավորներն ու խմբակցությունները ժամանակ կունենան բյուջեի վերաբերյալ իրենց  առաջարկները խմբավորելու և կառավարությանը գրավոր  ներկայացնելու համար։ Նոյեմբերի 11-ից  բյուջեի նախագծի քննարկումները կծավալվեն արդեն  ԱԺ  նիստերի դահլիճում:  

Կտրականապես համաձայն չեմ, որ քաղաքաշինական նորմերը Երևանում համատարած խախտվում են, այսօր բյուջետային քննարկումների ժամանակ խորհրդարանում ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Նրա այս գնահատականը հնչեց քաղաքաշինության ոլորտին վերաբերող քննարկման ժամանակ, ի պատասխան  ԲՀԿ խմբակցության պատգամավոր   Միքայել Մելքումյանի հարցի: Բայց  մինչ քաղաքաշինական նորմերին հասնելը  պատգամավորը շինարարության ոլորտի զարգացման տեմպերով էր հետաքրքվել։ «Ճգնաժամի առաջին փուլում կառավարության հիմնական տեսակետն այն էր, որ տնտեսական անկման հիմնական պատճառներից մեկը շինարարության մեծ տեսակարար կշիռն է ՀՆԱ-ում», ասաց։

Այժմ այդ  կշիռը ՀՆԱ-ում դարձել է 11 տոկոս, բայց հիմա էլ նշվում է, որ տնետասկան աճի դանդաղման տեմպերը շինարարության ոլորտի անկումով են պայմանավորված: Միքայել Մելքումյանն ուզում էր ստանալ այս իրարամերժ գնահատականների հիմնավորումը, նաև հասկանալ, թե ի՞նչ է անհրաժեշտ շինարարության անկումը կանխելու համար: Որոլորտում  անկում կա, քաղաքաշինության  նախարար Սամվել Թադևոսյանը չժխտեց, ասաց, որ այդ անկումը միջազգային վարկերի մոտ 45 տոկոս անկմամբ է պայմանավորված: Վերջնական եզրահանգումները, սակայն,   նախարարը հորդորեց անել տարվա ցուցանիշներն ամփոփելուց հետո։ «Տնտեսական անկում-շինարարություն կապին, կարծում եմ, պետք է անդրադառնանք տարեվերջին»։

Երևանում քաղաքաշինական նորմերի խախտումները պարբերաբար հասարակական հնչեղություն են ստանում  ու քաղաքացիական բողոքների առիթ դառնում, հիշեցրեց  ԲՀԿ-ական պատգամավորը և Վրաստանի օրինակը մատնանշեց՝ ի՞նչն է խանգարում, որ  Վրաստանի նման մենք էլ անցնենք  տիպային նախագծերի մոդելին։ Հենց այդ օրինակն էլ զայրացրեց Երևանի փոխքաղաքապետին: Կամո Արեյանը նախ նշեց, որ առանց հանրային քննարկումների ու էմոցիաների քաղաքաշինություն չի լին ում, ապա արդեն վրացական օրինակին անդրադարձավ։ «Սպանեցիք էլի` Վրաստան, Վրաստան: Իմ մանկության երազանքը չէ նմանվել Վրաստանին»,- արձագանքեց Կամո Արեյանը։

«Լավ, հանգիստ թողնենք հարևան հանրապետությունը, մեր պրոբլեմներին անցնենք»,- բանավեճին միջամտեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Մեր պրոբլեմների մասին. «Շաբաթ օրը ժամը 10-ն անց 24 րոպեին Հայաստանի էներգետիկ համակարգը մեկուսացվեց  Իրանի համակարգից, մինչ այդ գտնվում էինք զուգահեռ աշխատանքի մեջ»,- բյուջետային քննարկումների ժամանակ Էներգետիկայի և բնական պաշարաների նախարար Արմեն  Մովսիսյանն անդրադարձավ նոյեմբերի 2-ին հանրապետությունում տեղի ունեցած զանգվածային հոսանքազրկմանը:

Ի վերջո՝ ի՞նչ էր տեղի ունեցել, նախարարից հետաքրքվեց  ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը: Նախարարը խոսեց  տեղի ունեցածի  տեխնիկական պատճառների մասին: Խափանումը տեղի է ունեցել իրանական կողմում, մի քանի րոպեների ընթացքում շտկվել է: Հայաստանում  հոսանքազրկումը 3.5 ժամ է տևել ՝անվտանգության նկատառումներից ելնելով։ Նախարարությունը սա ֆորս մաժորային իրավիճակ է համարում, բայց նաև կարծում է, որ էներգետիկ համակարգի աշխատանքը կանոնակրգված է։ «Վթարի պահին ներկրումը Իրանից դեպի Հայաստան կազմում էր մոտ  200 մեգավատ:  Շուրջ երկու րոպե հետո նրանց մոտ խնդիրը կարգավորվեց, իսկ մենք միացանք մի փոքր ուշ, որպեսզի անհարկի վթարներ չլինեն։ Մենք ինքներս ենք հոսանքազրկել համակարգը և աստիճանաբար հզորություն տվել նախ անվտագության հետ կապված օբյեկտներին և հետո` սպառողներին։ Ամբողջ այս վերականգնման ժամկետը տևեց երեքուկես ժամ»,- ասաց նախարարը։

Չշրջանցվեց նաև գազի սակագնի թեման: Հարցը կրկին Արամ Մանուկյանինն էր: Նա հետաքրքվում էր, թե  ի վերջո, ինչպես է լուծվելու գազի սակագնի  30 տոկոսի  սուբսիդավորման հարցը: Ըստ Արմեն Մովսիսյանի՝ հարցն  այսուհետ կարգավորվում  է Մաքսային  միությանն անդամակցելու հեռանկարի լույսի ներքո:  Բյուջում այն որևէ կերպ արտացոլված չէ, քանի որ կառավարությունը համոզված է, որ ռուսական կողմի հետ համաձայնագիրը կստորագրվի մինչև տարեվերջ: Արամ Մանուկյանը հարցը մեկ անգամ ևս ճշգրտելու կարիք տեսավ.

-Այսինքն, Դուք վստահ եք, որ այդ համաձայնագրով գազի գնի տարբերությունը սուբսիդավորվելու է ռուսական կողմի՞ց,- հարցրեց պատգամավորը։
-Այո, եղավ նախարարի պատասխանը։
Բյուջեի կատարումը կախված է մի շարք եթե- ներից, քննարկմանն ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Նա հիշեցրեց, որ 2014 թ. բյուջեի նախագծով 1 տրիլիոն 92 միլիրադ դրամ հարկային եկամուտներ են պլանավորվում: Նախորդ տարիներից տարբերությունը, սակայն, այն է, որ կառավարությունն այս տարի հարկային բեռի ավելացում և վարչարարության խստացում չի նախատեսում: Ստացվում է, որ եկամուտների հավաքագրման ու բյուջեի կատարման հիմնական եթե- ն տնտեսական միջավայրի բարելավումն է: Եթե տնտեսական բարելավում տեղի չունենա, ուրեմն 2014 թվականի բյուջեն խիստ ռիսկային է, հայտարարեց Արմեն Ալավերդյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button