Տնտեսական

Ձկան թանկացումը բացատրվում է տնտեսական օրենքներով

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Եթե լավ ապրանքը չենք գովաբանում, ապա  գոնե իր արժանիքներին համապատասխան ներկայացնենք»,- նման հորդորով է այսօր լրագրողների հետ հանդիպման եկել Հայ ձկնարտադրողների ու ձկնարտահանողների միասնական ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը։ Վերջինիս դիտարկմամբ՝ Հայաստանն ունի հոյակապ, աշխարհի համար զարմանալի ձկնարտադրություն: Ձկնաբույծը նաև նկատում է՝  ինելով լեռնային երկիր՝ Հայաստանը կարողանում է  ոչ միայն  ձկնարտադրությամբ զբաղվել , այլ նաև արտահանել ու արտահանել ոչ ավելի, ոչ պակաս, քան ձկան հայրենիք համարվող Ռուսաստանի Դաշնություն: 

Ռուսական շուկայում հատկապես մեծ  պահանջարկ են վայելում հայկական իշխանն ու թառափը:   Հատկանշական է, որ թառափի մանրաձուկը ներկրվում է  Ռուսաստանից, մոտ մեկ ու կես տարի հետո  արտադրական թառափը կրկին հայտնվում է  Ռուսաստանում՝ արդեն  վաճառքի նպատակով: Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնական ՀԿ նախագահը խոստովանում է՝ ձկան ինքարժեքը բարձր է, սակայն, դրսի շուկաներում պահանջարկ է վայելում՝ իր բնականին մոտ համի ու որակի շնորհիվ։ «Կենսաբանորեն չափազանց մաքուր սննդամթերք է, մեր արտադրած ձկնամթերքը շատ մեծ պահանջարկ ունի, հենց այդ ապրանքատեսակների հայրենիքում՝ ՌԴ-ում, որովհետև ինքն իր համային և մսի որակի հետ կապված հատկանիշներով չափազանց մաքուր է, բնականին շատ մոտ»։

Այս տարվա անցած ամիսներին Հայաստանում  մոտ 9 հազար տոննա ձուկ է արտադրվել, մինչև տարեվերջ 1800 տ արտահանում է   կանխատեսվում:  Տեղական շուկայում  ձկան գնի բարձրացումը ձկնաբույծը տնտեսագիտական օրենքներով է պարզաբանում. մեկուկես տարի շարունակ ձկնարտադրողները կամ ինքանարժեքով, կամ էլ դրան մոտ գնով էին վաճառք կազմակերպում։

Մասնագետների պնդմամբ՝ հատկապես  Արարատյան դաշտավայրում ձկնաբույծները ջրային ռեսուրսներն  անխնա են  օգտագործում։ Արթուր Աթոյան թվեր  չներկայացրեց, մասնավորապես նա չգիտի, թե որքա՞ն ջուր են օգտագործում ձկնաբույծները կամ թե որքա՞ն գումար են նրանք փոխանցում պետբյուջե: Տեղեկատվությանը տիրապետելու համար նա  խորհուրդ տվեց դիմել բնապահապնության նախարարարությանը։

Տեղեկացնենք, որ մի քանի օր առաջ բնապահպանության նախարարությունն ապօրինի և տիրազուրկ հորերի փակման գործընթաց սկսեց:  Միայն Արարատի ու Արմավիրի մարզերում 14 ձկնաբուծական տնտեսություններում ստուգումներ են իրականացվելու, ապօրինի հորերի կոնսերվացման հանձնարարականներ են տրվել: Արթուր Աթոյանը ողջունում է նախաձեռնությունն ու հույս հայտնում, որ  տնտեսական առումով մեծ օգուտ բերող հորերին համապատասխան մոտեցում կցուցաբերվի, դրանք  կօրինականացվեն ու կհատկացվեն այն տնտեսություններին, որոնց  հողային տարածքներում են գտնվում։

Ցուցադրել ավելի
Back to top button