Հասարակություն

Հիմա էլ H7 N9. ԱՀԿ- ն հայտարարում է գրիպի նոր տարատեսակի մասին

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

H7 N9. գրիպի նոր ենթատեսակ, որի դեպքերը գրանցվել են առայժմ  հարավասիական երկրներում։ Առողջապահական համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով` արձանագրվել է  այս ենթատեսակի գրիպի 137  լաբորատոր  դեպք, որից 45-ը ավարտվել է մահվան ելքով: Վարակի աղբյուրը, ըստ ԱՀԿ-ի, տնային թռչուններն են, սակայն այս վարկածը դեռ հետազոտվում է: 


Մեր հանրապետությունում շարունակվում է գրիպի և սուր- շնչառական վարակներով մոնիթորինգը, որի տվյալներով այս հիվանդություններով համաճարակային իրավիճակը  հանրապետությունում  համեմատաբար հանգիստ է։ 
Ըստ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ  և հակահամաճարակային տեսչության  պետ Լիանա Թորոսյանի` այսօր հանրապետության գրեթե բոլոր հիվանդանոցները հագեցված են գրիպի լաբորատոր հետազոտության համար անհրաժեշտ կարողություններով, որոնց շնորհիվ էլ հնարավոր է լինում  ախտորոշել գրիպի ամբողջական ենթատեսակները: Ավելին՝ հանրապետությունում H7N9 գրիպի նոր ենթատեսակն  ախտորոշելու համար ձեռք են բերվել  թեստ-համակարգեր:

Առողջապահության նախարարությունն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սկսել են բժիշկների վերապատրաստման  միջոցառումներ իրականացնել: Մասնագետի տվյալներով` այսօր մեր հանրապետությունում բարդացած  և հիվանդանոցներում հոսպիտալացված դեպքեր չկան։ Ըստ Թորոսյանի՝ գրիպը կարող է օրգանիզմում առկա այլ հիվանդությունների սրացումը խթանել։ «Եվս մեկ անգամ ԱՆ-ը կոչ է անում մեր ազգաբնակչությանը լինել զգոն, խուճապի մատնվելու որևէ առիթ ներկայումս  չկա, բայց գիտենք, որ  սեզոնի մեջ ենք  արդեն և գործ ունենք  այս վարակի հետ, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Պետք է զգոն լինել և առաջին իսկ ախտանշանների՝ հազ, ջերմություն, փռշտոց, գլխացավ, մկանացավեր, դեպքում չզբաղվելու  ինքնաբուժմամբ»,- ասում է ԱՆ ներկայացուցիչը։

Թե’ կորոնավիրուսների,  թե’ H7 N9- ի, և թե’ հասարակ գիպի դեպքում  կանխարգելիչ միջոցառումները նույն են։  Պետք է մնալ տանը` վիճակը չբարդեցնելու համար,  3 օր պահպանել անկողնային ռեժիմ,  բժշկի ցուցումով ընդունել առատ  հեղուկներ, քանի որ այն   հակացուցված է թոքային  և սրտային  հիվանդությունների դեպքում, քայլել բաց տարածքներում, օդափոխել սենյակը,  լվանալ ձեռքերն ու անընդհատ մաքրել շրջակա տարածքը։

Աղոջապահության համաշխարհային կազմակերպության գրիպի ազգային համակարգողը նշեց, որ   տարածաշրջանում և եվրոպական երկրներում  իրավիճակը  նույնպես հանգիստ է, սակայն քանի որ հիվանությունն անցնում է օդակաթիլային ճանապարհով, որևէ երկիր ապահովագրված չէ դրանից` հիմք ընդունելով այսօր առկա միգրացիոն պատկերը:

Ցուցադրել ավելի
Back to top button