Քաղաքական

Ըստ ժառանգականի՝ սեպտեմբերի 3- ով փոխվեց ուժերի բալանսը, որը կազդի երկրի անվտանգության վրա

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ` Հայաստան-ԵՄ հարաբերությունները հայտնվել են  անորոշության մեջ: Հարց է ծագում, թե ինչ է անելու Հայաստանը Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում եւ ինչպես են լինելու Հայաստան-ԵՄ հարաբերությունները, եթե գործընկերության անդամ երկրները մեկ քայլ առաջ են անցել Հայաստանից եւ նրանց հարաբեությունները ԵՄ-ի հետ բարձրացել են մի նոր մակարդակի։


Բանախոսի գնահատմամբ` Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ գագաթաժողովից հետո անորոշության մեջ են հայտնվել նաեւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները: Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ այս ընթացքում տեղի ունեցան նաեւ իրադարձություններ, որոնք նպաստավոր չեն Հայաստանի համար: Մասնավորապես` ԵՄ-ն հիշեցրեց, որ Հայաստանը չի կատարել Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերը, որոնք վերաբերվում էին, այսպես կոչված, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնելուն: Ադրբեջանը հերթական անգամ դա օգտագործեց հօգուտ իրեն:

Երկրորդ խնդիրը ծագեց Մինսկում, որտեղ փաստորեն կասկածի տակ դրվեց ՄՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը: Ըստ Ստեփան Սաֆարյանի` սեպտեմբերի 3-ի հայտարարությամբ տեղի է ունեցել ուժերի բալանսի փոփոխություն, ինչն էապես ազդելու է Հայաստանի անվտանգության մակարդակի վրա, հետեւաբար` անվտանգության առնչությամբ պատճառաբանություններն անհիմն են։

Թեմային այսօրվա ասուլիսում անդրադարձավ նաեւ Առաքելություն կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը: Նրա դիտարկմամբ դեպի ՄՄ «սանսպասելի շրջադարձը», անվտանգության ապահովմամբ բացատրելը «շան անլուրջ» է։ «Ժամանակակից աշխարհում երկրի անվտանգության հարցերը լուծվում են ոչ միայն սպառազինություններով եւ ոչ միայն բանակով»,- կարծում է նա։

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի տպավորությամբ` Հայաստանի իշխանություններն այժմ փորձ են անում փնտրել ԵՄ-ի հետ հարաբերությունները շարունակելու ձեւ, կամ` դրա տպավորությունը ստեղծել: Ընդդիմադիր գործչի համոզմամբ` Երեւանն անգամ համաձայն է դեկլարատիվ բնույթի ինչ-որ թուղթ ստորագրել` ցույց տալու համար, որ հարաբերություններ կան։ Ըստ Ստեփան Սաֆարյանի` Հայաստանին ՄՄ հրավիրելով՝ Ռուսաստանն ընդամենը լուծեց մեկ խնդիր` թույլ չտալ, որ Հայաստանն անցնի Եվրոպական ուղղության ուղեծիր` թեկուզ տնտեսական մասով: Ընդդիմադիր գործիչը շեշտեց, թե այլ ճանապարհ չկա, քան այն, որ Հայաստանը պիտի ձեւեր գտնի ՄՄ-ին անդամակցելու որոշումից հրաժարվելու համար: Նա կարծում է, որ բացահայտ հրաժարումը դժվար է, սակայն` այն իմաստազրկել հնարավոր է:

Ցուցադրել ավելի
Back to top button