Միջազգային

Դամասկոս. Քերրիի հայտարարությունները կարող են խափանել «Ժնեւ 2»- ը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությունները կարող են խափանել սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղված  «Ժնև-2» խորհրդաժողովի կազմակերպումը, հայտարարել է Սիրիայի արտգործնախարարությունը: «Քերրիի հայտարարությունները կոպիտ միջամտություն են Սիրիայի ներքին գործերին և ագրեսիա են ուղղված սիրիական ժողովրդի սեփական ապագան որոշելու իրավունքի դեմ»,- Սիրիայի արտգործնախարարության հայտարարությունից մեջբերում է FP- ն։ Նախօրեին Քերրին, որը մերձավորարևելյան շրջագայության  շրջանակում այցելել էր Եգիպտոս, հայտարարել է, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները կարող են տարաձայնություններ ունենալ սիրիական հակամարտության հարցում, սակայն ընդհանուր մեկ խնդիր ունեն՝ Սիրիայում իշխանափոխությունը։

Հիշեցնենք, որ Ժնևում խորհրդաժողովը   կազմակերպվում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ, սակայն նրա հրավիրման կոնկրետ ժամկետը դեռ պարզ չէ: ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին, որը զբաղվում է «Ժնև-2» -ի նախապատրաստմամբ, նոյեմբերի 5-ին հանդիպելու է Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետների հետ: Նույն օրը նախատեսված է նաև նրա հանդիպումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների` Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի ներկայացուցիչների հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button