Հասարակություն

Առանց այդ էլ այնքան խնդիրներ ունենք. հայ մտավորականների պատասխանը սփյուռքահայ մտավորականներին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Հայաստանում ավելի լուրջ խնդիրներ կան, որոնց մասին կարելի էր   նամակ գրել: Միասեռականների թիվը մեր երկրում այնքան մեծ չէ, որ նստենք ու նրանց խնդիրների մասին մտածենք: Բացի այդ՝ նրանք այստեղ լավ էլ ապրում են, ոչ ոք միասեռականներին աշխատանքից չի ազատում»,- այսօր հայտարարեց երաժիշտ Արտավազդ Բայաթյանը՝ արձագանքելով սփյուռքահայ արվեստագետների բաց նամակին: Հիշեցնենք, որ մոտ քսան արվեստագետներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով  կոչ են անում Հյաստանում հավասարություն և արդարություն ապահովել բոլորի համար, այդ թվում նաև՝ սեռական փոքրամասնությունների։


Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը միասեռականությունը համարում է  21-րդ դարի ամենավտանգավոր ախտերից մեկը: Նրա համոզմամբ՝ միասեռականը հիվանդ է, որին պետք է մեկուսացնել և բուժել, եթե պետք է անգամ բռնի ուժով: Սփյուռքահայ արվեստագետների նամակի հիմքում էլ ոչ թե հումանիզմ, այլ միտում է տեսնում։ «Մենք չենք կարող, մեր գենոֆոնդն ուրիշ է»,- ասում է քանդակագործը։

Սեռական փոքրամասնությունների հանդեպ  գրականագետ Արտեմ Հարությունյանի վերաբերմունքն առավել հանդուրձողական է: «Պետք է հաշվի առնել, որ  նրանք  մարդ են, որոնց, սակայն,  ամենախիստ պատժամիջոցների կոչերով  կարող ենք դարձնել գազան: Նրանց դեմ ենք տալիս պատին ու ասում՝ դուք մարդ չեք, բայց աշխարհում, ի վերջո,  գոյություն ունի հումանիզմ ասվածը և հասարակության վերաբերմունք այս դեպքում պետք է լինի իր հիվանդներին ու մոլորվածներին բուժելը»։ Ըստ գրականագետի՝ հասարակությունը նման է գետի, որը մաքրում է իր ափերն ու ընդերքը: Երեխան դեռ դպրոցում սեռական ճիշտ դաստիրակաություն պետք է ստանա: Հասարակությունը պետք է լինի բաց և լինի բարոյական, ասում է Արտեմ Հարությունյանը։

Երաժիշտ Վահան Արծրունու տեսանկյունից հիշյալ նամակը  փորձ էր դրսի խնդիրը դարձնել հայաստանյան խնդիր, կամ էլ կենսաբանական խնդիրը դարձնել սոցիալական։ Նա ևս համոզված է, որ միասեռականների վիճակը Հայաստանում առանձնապես վատ չէ, այնպես որ՝ նրանց իրավունքների պաշտպանության խնդիր այստեղ չի տեսնում: Դիմելով  նամակի հեղինակներին՝ պարզապես խնդրում է. «Պարոնայք, նման նամակներ մեզ մի գրեք, առանց այդ էլ այնքան խնդիրներ ունենք»։

Ցուցադրել ավելի
Back to top button