ԿարևորՀասարակություն

Վթարի հետեւանքով հոսանքազրկվել էր Երեւանն ու որոշ մարզեր

Նոյեմբերի 2-ին, ժամը 10.25-ին Երևան քաղաքում և Հայաստանի որոշ մարզերում դադարեցվել է էլեկտրամատակարարումը: Ըստ նախնական տվյալների` տեղի է ունեցել համակարգի խափանում, այժմ տարվում են էլեկտրամատակարարումը վերականգնելու աշխատանքներ: Այս պահի դրությամբ Երևանի մի շարք համայնքներում և հանրապետության որոշ մարզերում վերականգնվել է էլեկտրամատակարարումը, հայտնում են ԱԻՆ- ից։

Տեղեկություն էր ստացվել նաև, որ մետրոպոլիտենի որոշ շարժակազմերի աշխատանքը խափանվել է. ժամը 11.17-ի դրությամբ քաղաքացիներն անվնաս դուրս են բերվել շարժակազմերից։ Ժամը 11.20-ի սահմաններում ստեղծված իրավիճակը պարզաբանելու նպատակով կապ է հաստատվել ՀՀ Էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանի հետ, ով հաղորդել է, որ հոսանքազրկումը տեղի է ունեցել ռելեային պաշտպանման համակարգի (ՌՊՀ) գործադրման պատճառով, տվյալ պահի դրությամբ կատարվում են աշխատանքներ ՌՊՀ-ի գործադրման հնարավոր պատճառները բացահայտելու ուղղությամբ: Ժամը 12.07-ին վերականգնվել է մետրոպոլիտենի աշխատանքը:

Ժամը 13.51-ի դրությամբ Էլեկտրոէներգետիկական համակարգի «Օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր Մ. Մնացականյանից տեղեկատվություն է ստացվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր կենսապահովման օբյեկտները էլեկտրաէներգիա ունեն:  Երևանում էլեկտրաէներգիայի մատակարարումը ամբողջությամբ վերականգնվել է, իսկ մարզերում կվերականգնվի մոտ 1 ժամվա ընթացքում: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ցուցադրել ավելի
Back to top button