ԿարևորՔաղաքական

Ստեղծված իրավիճակին համակերպվել են բոլորը. տպավորություն բյուջետային քննարկումներից

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Անցնող ողջ  շաբաթվա ընթացքում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները քննարկեցին Բյուջե 2014-ի նախագիծը: Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ըստ ոլորտների քննարկվեց  խորհրդարանական գրեթե բոլոր հանձնաժողովներում: Նախնական քննարկումների շարքից վերջինը նախատեսվում է երկուշաբթի, որով կամփոփվի բյուջետային քննարկումների առաջին փուլը: Մինչ նոյեմբերի 8-ը ԱԺ պատգամավորներն ու խմբակցությունները ժամանակ կունենան բյուջեի վերաբերյալ իրենց  առաջարկները խմբավորելու և կառավարությանը գրավոր  ներկայացնելու համար: Նոյեմբերի 11-ից  բյուջեի նախագծի քննարկումները կծավալվեն արդեն  ԱԺ  նիստերի դահլիճում։

Հարջորդ տարվա բյուջեից ոլորտին հատկացվելիք գումարի ավելացումը պայմանավորված է գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ և աշխատավարձերի նոր հաշվարկով, ֆինանսաների փոխնախարար Պավել Սաֆարյանը այս նախադասությունը կրկնեց գրեթե բոլոր ոլորտներին 2014 թ. բյուջեից տրամադրվելիք  հատկացումները ներկայացնելիս:  Սա Բյուջե 2014-ի այն առանձնահատկությունն է, որն ուրվագծվեց ԱԺ մշտական հանձնաժողովերում փաստաթղթի նախնական քննարկումների ժամանակ:

Բայց մինչ այդ՝ քննարկումների մեկնարկը փաստաթղթի առանձնահատկությունների մասին  խոսել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը։ «Առաջին անգամ կառավարությունը ներկայացնում է մի բյուջե, որը հարկային վարչարարության խստացում ու հարկային բեռի ավելացում չի նախատեսում: Այսինքն՝ առաջին անգամ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը թողնում ենք նույնը»,- հայտարարեց նա։

Խորհրդարանում վարչապետը նաև բացատրեց, թե  ինչն  է  կառավարությանը դրդել նման որոշում կայացնել:   Պատճառները, ինչպես Տիգրան Սարգսյանն ասաց,  2013-ից քաղած դասերն են։ «2013-ին հարկային վարչարարությունը բավական խստացել է,  և դա բիզնես միջավայրի վրա բացասական ազդեցություն է թողել»:

Տիգրան Սարգսյանի այս  գնահատականը, ըստ որի  հարկային վարչարարության խստացումը  նախորդ տարիներին բիզնես միջավայրի վրա բացասաբար է ազդել, ԲՀԿ խմբակցությունը միանգամից խոսոտվանություն որակեց: Իսկ վարչապետի մյուս դիտարկումը, թե հարկային ճնշումները կնվազեն ու կառավարության հիմնական խնդիրը կլինի ռիսկային ոլորտների բացահայտումը, խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի մոտ միայն հարցեր առաջացրեց: «Ես հարց ունեմ`  ի՞նչն էր խանգարում կառավարությանը 2012-ին, 2013-ին պայքարել ստվերի դեմ: Ի՞նչ գործիքների պակաս ունեին իրենք նախորդ տարիներին, որ չէին պայքարում ստվերի դեմ և բյուջեն ավելացնում էին հարկային պրեսինգով: Կամ ի՞նչ երաշխիք, որ 2014-ին է դա հաջողվելու»:

ԲՀԿ-ն էլ դեռ վերջնականապես չի ամփոփել իր մոտեցումը: Խոսքն առայժմ նախնական գնահատականների  մասին է: Իսկ ըստ դրանց՝  Բյուջե 2014-ը բոլորովին նոր, մինչ այժմ չշրջանառված որակում է ստանում: Նաիրա Զոհրաբյանը բյուջեն լոմբարդային է համարում: «Եթե ես փորձեմ դեռևս առաջին տպավորությամբ գնահատական տալ, կարող եմ ասել, որ սա բյուջե է, որի հիմնական գումարներն ուղղվելու են բանկերին, ապահովագրական ընկերություններին, լոմբարդներին։ Կարճ կանվանեի «լոմբարդային բյուջե»։

ՀՅԴ–ն ընդհանուր առմամբ խուսափում է բյուջեին որակումներ տալուց: Խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասում  է՝  բյուջեն տնտեսության  առկա վիճակն է  արտացոլում: Դաշնակցությունը կարծում է, որ հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը չի տալիս գլխավոր մարտահրավերի ՝ արտագաղթի տեմպերի կրճատման լուծումները: Ի տարբերություն ԲՀԿ-ի ՝ Դաշնակցությունը բյուջեի հետ կապված ոչ թե հարց, այլ խորհուրդ ունի կառավարությանը, նաև կանխատեսում, թե ում  է բյուջեն բարենպաստ պայմաններ խոստանում։ «Խորհուրդ կտամ, որ բյուջեին անվանում չտալով հանդերձ՝ միաժամանակ դիտարկենք, թե 2014-ին որ համակարգերի համար է զիլ լինելու: Այդ տեսանկյունից շարունակվում է բանկային համակարգի աջակցությունը: Գրեթե բոլոր սոցիալական ծրագրերի   ու արդյունաբերական քաղաքականության հիմքում դրված է բանկային համակարգին հավելյալ գումարներ տրամադրելու մեխանիզմը: Սա կարող էր դրական լինել, եթե տնտեսության մյուս ոլորտները զարգացման նույն մակարդակն ունենային, բայց եթե այդ մակարդակները նույնը չեն, ստացվում է, որ ֆինանսական սեկտորի այս կառույցները խեղդելու են թե ֆինանսական շուկան, թե տնտեսությունը»:

Ինչ վերաբերում է քննարկումների ընթացքին, ապա տպավորությունն այն է, որ ստեղծված իրավիճակին համակերպվել են և գերատեսչությունները, և պատգամավորները: Պետական կառույցների ղեկավարների ՝ հատակացումներին համաձայնելու   ընդհանուր մթնոլորտը խախտեցին միայն ՍԴ-ն , որին նոր պատուհաններ են անհրաժեշտ, և ՄԻՊ-ը, որին պետք է պահպանել արագ արձագանքման խումբը: Իսկ պատգամավորները քննարկումներին մասնակցեցին առանց մեծ էնտուզիազմի, տպավորություն կար, թե այդ մասնակցությունը մասնակցություն ապահովելու համար է միայն:

Իսկ  բյուջեի հիմնական ցուցանիշները թվային այս արտահայտությունն ունեն.  եկամուտները ՝ 1 տրիլիոն 134 մլրդ , ծախսերը ՝ 1 տրիլիոն 244 մլրդ, դեֆիցիտը մոտ 110 միլիարդ դրամ: 2014-ի համար կառավարությունը բավական զուսպ՝ 5.2 տոկոս տնտեսական աճ է նպատակադրում, նաև թույլատրելիից բարձր՝  8%-անոց գնաճ  տարվա առաջին կիսամյակին:

Ցուցադրել ավելի
Back to top button