Միջազգային

Սնոուդենը պատրաստ է հանդիպել գերմանացի դատախազների հետ

ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Գերմանիայի  գլխավոր դատախազության ներկայացուցիչների հետ և վկայություն տալ կապված կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցների գաղտնալսման հետ,գերմանական հեռուստակայաններից մեկի թղթակցին ասել է Բունդեսթագի պատգամավոր Հանս-Քրիստիան Շտրյոբելեն, որը հինգշաբթի Մոսկվայում հանդիպել է Սնուդենի հետ:

«Նա սկզբունքային պատրաստակամություն հայտնեց օգնել իրավիճակում հստակություն մտցնելու հարցում: Դրա համար պետք է նախադրյալներ ստեղծել»,- ասել է Շտրյոբելեն: Ըստ նրա՝ զրույցի ընթացքում Սնոուդենը հասկացրել է, որ շատ բան գիտի: Պատգամավորը հայտնել է, որ Սնոուդենի հետ հանդիպումը նվիրված է եղել պայմանների քննարկմանը, որոնց դեպքում նա կարող է ցուցմունքներ տալ: Մասնավորապես՝ Սնուդենին նա ասել է, որ հնարավորություն ունի առանց որևէ ռիսկի Գերմանիա ժամանել:

Իր զրույցի մանրամասները պատգամավորը խոստացել է պատմել Բունդեսթագի վերահսկող հանձնաժողովի արտահերթ նիստում: Հնարավոր է, որ նոյեմբերի 18-ին  արտահերթ նստաշրջանում ստեղծվի խորհրդարանական հանձնաժողով, որը կզբաղվի Գերմանիայում ԱՄՆ հատուկ ծառայությունների գործունեության հետաքննությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button