Քաղաքական

ՄՄ անդամակցությունը բխում է Հայաստանի շահերից, ասում է ՕԵԿ պատգամավորը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Մաքսային միությանն անդամակցությունը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ՕԵԿ-ի այս դիրքորոշումը վերահաստատեց կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը։

Դեռ մեկ տարի առաջ ՕԵԿ-ն առավել շատ եվրոպական ուղղության մասին էր շեշտադրումներ կատարում: Ի՞նչ փոխվեց մեկ տարվա ընթացքում: Արձագանքելով այս դիտարկմանը` Մհեր Շահգելդյանն ասաց, թե իրենք եվրոպական արժեքների ներդրման մոտեցումները միշտ են պաշտպանել եւ հիմա էլ պաշտպանում են։ «Եվ ասում ենք շատ հստակ, որ այս տեսանկյունից եվրոպական մոտեցումների հիման վրա ՀՀ քաղաքական, իրավական, արդարադատության համակարգերի, տնտեսական համակարգերի բարեփոխումները ելնում են մեր իսկ շահերից: Այսինքն` սա մեր քաղաքական համակարգի արդիականացման մոտեցումներն են, հրամայականները: Այլ կերպ ասած` եթե մենք խոսում ենք բարեփոխումների, Արեւելյան հարեւանության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում քաղաքական, իրավական ինստիտուտների արդիականացման մասին, սա պետք է առաջին հերթին մեզ, մեր պետությանը, մեր հասարակությանը»:
Ինչ վերաբերում է Մաքսային միությանն անդամակցելուն, ապա այս քայլն, ըստ Շահգելդյանի, ավելի շատ տնտեսական անվտանգության եւ ավելի լայն առումով անվտանգության խնդիրներին է առնչվում, որ բխում է նաեւ աշխարհառազմավարական մոտեցումներից: Այս առումով էլ՝ Շահգելդյանը վստահեցրեց, որ ՕԵԿ-ը միշտ ունեցել է իր մոտեցումները եւ դրանք պաշտպանում է։ «Այսօր, ուղղակի, գործողությունները պետք է լինեն հաշվարկված։ Ներկայումս իրականացվում են վերլուծություններ` մոտեցումների մշակման գործընթաց: Մեր կարծիքով` Մաքսային միության ընդհանուր տարածքում առեւտրային հարաբերությունները զարգացնելու, արտահանման եւ ներդրումների ներգրավման հնարավորություն է ստեղծվում: Սա դրական է ազդելու մեր տնտեսության վրա»։

Սա փաստարկված է: Մի օրինակ` մեր ապրանքների հիմնական մասը գնում է ՄՄ երկրներ, ասաց բանախոսը: Շահգելդյանի խոսքով` ամեն ինչ չէ, որ վարդագույն ակնոցներով է տեսնում, սակայն ընդհանուր հաշվարկները խոսում են հենց ՄՄ օգտին: Նա նաեւ նկատեց, որ չկա մի միջազգային պայմանագիր, որը լինի միայն տնտեսական, կամ միայն քաղաքական: Այս դեպքում նույնպես քաղաքական էլեմենտներ կան եւ առաջին հերթին` անվտանգության հետ կապված:

Հայաստանի` ՄՄ-ին անդամակցության համատեքստում խոսելով ԼՂ խնդրի մասին` Մհեր Շահգելդյանը կարծիք հայտնեց, որ ԼՂՀ-ն համագործակցում է Հայաստանի հետ եւ նրա դիրքերը ամուր լինելու են եւ ամրապնդվելու են: Նա շեշտեց նաեւ, որ որեւէ տեղ չի խոսվում նրա մասին, թե ԼՂՀ եւ Հայաստանի միջեւ մաքսային կետ է գործելու։ Առաջնայինն անվտանգության խնդիրներն են եւ այդ առումով էլ իրականացվելու են արդիականացման ծրագրեր, եզրափակեց ՕԵԿ փոխնախագահը։

Ցուցադրել ավելի
Back to top button