ԿարևորՀասարակություն

Կփակվեն 43 ապօրինի հորեր. առաջինը լուծարվեց այսօր

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Արարատի մարզի Հովտաշատ համայնքի վարչական տարածքում դեռևս խորհրդային տարիներից գործող ապօրինի խորքային հորի  լուծարմամբ բնապահպանության նախարարությունն այսօր մի մեծ ծրագիր է սկսել։ Արարատի ու Արմավիրի մարզերում նախարարության աշխատակիցներն ու մասնագետները 43 ապօրինի գործող հորեր են լուծարելու: Մեկ հորի լուծարման համար, ի դեպ,  միջինը ծախսվում է 2,5 մլն դրամ։ Ապօրինի շահագործվող ինքնաշատրվանող այդ հորերի լուծարման համար կառավարությունը բնապահպանության նախարարությանը հատկացրել է  107.5 մլն դրամ։

Արարատի մարզպետարանում այսօր հավաքվել էին մարզի ձկնաբուծական տնտեսությունների սեփականատերերը, համայնքների ղեկավարներն ու բնապահպանության նախարարության աշխատակիցները: Մարզի Հովտաշատ համայնքի վարչական տարածքում խորհրդային տարիներից գործող խորքային հորի լուծարմամբ մի մեծ ծրագրի մեկնարկը տրվեց: Արարատի ու Արմավիրի մարզերում գոյություն ունեցող ձկնաբուծական նպատալով ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող 43 հորերի լուծարման աշխատանքները կշարունակվեն նաև ձմռանը: Ջրային  ռեսուրսների  մոնիտորինգից պարզ դարձավ, որ Արարատյան դաշտավայրում և ոչ միայն ջրային ռեսուրսների նվազման հետ կապվախծ լուրջ խնդիրներ կան։

Արարատի ու Արմավիրի մարզերում ապօրինի ջրօգտագործման նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու  նպատակով 14 ձկնաբուծական տնտեսություններում ստուգումներ են իրականացվել, տրվել են  ապօրինի հորերի կոնսերվացման հանձնարարականներ:  Ջրային ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործման հետևանքով է Արարատյան դաշտի ջրերի մակարդակն իջնում, աղուտներ առաջանում, ճահճային տարածքներն  են ավելանում:

Գաղտնիք չէ, որ ձկնաբուծական  բիզնեսում ներգրավված են   բազմաթիվ պաշտոնյաներ ու խոշոր գործարարներ: Բնապահպանության նախարարության Ջրային ռեսուսրների կառավաման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը կարծում է, որ ապօրինի հորերի կասեցումը կվերաբերի նաև  պաշտոնյաներին  ու խոշոր գործարարներին։

Մեկ հորի լուծարման համար, ի դեպ,  միջինը ծախսվում է 2,5 մլն դրամ:  Հավելենք, որ Արարատի և Արմավիրի մարզերում եղած ձկնաբուծական նպատակով ապօրինի շահագործվող ինքնաշատրվանող 43 հորերի լուծարումն իրականացնելու համար կառավարությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրեց  107.5 մլն դրամ:

Ցուցադրել ավելի
Back to top button