Հասարակություն

ՄԻՊ արագ արձագանքման խմբի գործունեությունը կարող է դադարեցվել

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի  ու ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր քննարկվեցին «Հայաստանի Հանրապետության  2014թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծում նախատեսված հատկացումները` մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասով։ Ինչպես պարզվեց, օմբուդսմենի ներկայացված 244 մլն դրամի հայտից պետբյուջե -2014-ի նախագծով բավարարվել է 213 մլն. դրամ գումարը: Գումարի պակասի պատճառով ՄԻՊ գրասենյակն ստիպված կլինի դադարեցնել մինչ օրս կատարվաղ գործառույյթներից կարևորներից մի քանիսը։

Վերջին երկու տարիներին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դրամաշնորհների  աջակցությամբ հանրապետության մարզերում բացեց 6 ներկայացուցչություն: Եկող տարի պետբյուջեի միջոցներով հնարավոր կլինի աշխատացնել դրանց միայն կեսը՝ Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում: Նույն այդ պատճառով 2014 թվականի հունվարի 1-ից կարող է դադարել գործել արագ արձագանքման խումբը, որի աշխատանքների ապահովման համար անհրաժեշտ 10 մլն դրամը  ամրագրված չէ պետբյուջեի նախագծում:

Ինչպես պարզաբանեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, անկախության ապահովման համար որոշում է կայացվել ձեռնպահ մնալ դրամաշնորհներից օգտվելուց։ Եթե 2012 թվականին ՄԻՊ գրասենյակը օգտվեց 109 մլն դրամ դրամաշնորհից, ապա այս տարի այդ գումարը նվազեց մինչև 53 մլն դրամ: Ի դեպ՝ հենց այսօր ավարտվեց վերջին դրամաշնորհային ծրագիրը, որով ֆինանսավորվում էին մարզային գրասենյակները և արագ արձագանքման խումբը։ Պետբյուջեի նախագծում ներկայացված գումարի և օմբուդսմենի հայտի տարբերությունը կազմում է 31 մլն դրամ: Գումարի պակասը անշուշտ չի կարող բավարարել Պաշտպանին։

Կարեն Անդրեասյանը ափսոսանք հայտնեց, որ հատկապես արագ արձագանքման խմբի համար չգտնվեց անհրաժեշտ գումարը։ Միևնույն ժամանակ՝ օմբուդսմենը առաջարկեց անհրաժեշտ գումարի գտնելու ուղիները։ Անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձների նոր կարգին՝ Կարեն Անդրեասյանը նկատեց, որ իր դեպքում տեղի է ունեցել գործակցի նվազում՝ համեմատած գործող կարգի հետ: Եթե այսօր օմբուդսմենը և ՍԴ նախագահը ստանում են նույն չափ աշխատավարձ, ապա հաջորդ տարի պաշտպանը կզիջի կես գործակցով: Այս հանգամանքը նա գնահատեց նաև որպես իրավական կարգավիճակի նվազում։

Ցուցադրել ավելի
Back to top button