Հասարակություն

Ինտերնետի վերահսկողության լուրերը չպետք է զարմացնեն

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Վերջին շրջանում սոցցանցերում ակտիվորեն տարածվում են լուրեր, որ շուտով Հայաստանի ոստիկանության կողմից ամբողջապես վերահսկվելու է հայկական ինտերնետ տարածքը: Այս հարցին այսօր անդրադարձել է «Հայաստանի ինտերնետ հանրություն» ՀԿ փոխտնօրեն Գրիգորի Սաղյանը: Նա նկատել է, որ Հայաստանում օրենքով սահմանված են գաղտնալսման հետ կապված բոլոր հարցերը` հեռախոսների գաղտնալսման մասով եւ այստեղ որեւէ արտառոց ոչինչ չկա: Ինչ վերաբերում է ինտերնետին, ապա առանձին օրենք չկա, սակայն, այս դեպքում գործում է ընդհանուր մի տերմին` «էլեկտրոնային հաղորդակցություն», որի հետ կապված խնդիրները նույնպես կարգավորվում են օրենքով: Սոցցանցերում տարածված լուրը, թե ոստիկանությունը շուտով վերահսկելու է ինտերնետ միջավայրը, Սաղյանի գնահատմամբ, լուր է, որը  պարզապես ուշադրություն է գրավում։

Սնոուդենի հետ կապված պատմությունից հետո գաղտնալսումների թեման հետաքրքրում է մարդկանց: Այդուամենայնիվ՝ հատուկ սարք գոյություն ունի, որի միջոցով ոստիկանությունը կարող է տեսնել, թե ինչ է տեղի ունենում ինտերնետ տարածքում, սակայն դա պետք է կատարվի օրենսդրական համապատասխան ընթացակարգերից հետո, ասաց «Հայաստանի ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահը։

Փորձագետի խոսքով` ամեն օր ինտերնետից օգտվողների քանակը աճում է եւ չափազանց մեծանում է տեղեկատվական հոսքն ինտերնետում: Սա նշանակում է, որ չափազանց մեծ կարողունակություն է անհրաժեշտ` տեղեկատվական այդ մեծ հոսքը մշակելու համար: Յուրաքանչյուր 18 ամիսը մեկ մեծացվում է համակարգիչների պրոցեսորների թողունակությունը, սակայն, թե որքան է դեռ հնարավոր մեծացնել այդ թողունակությունը` հնարավոր չէ ասել այսօր: Հետեւաբար, ըստ բանախոսի, նման հարցի շուրջ խոսակցություններն անիմաստ են: Գրիգորի Սաղյանը կարծում է, որ օգտատերերը կարող են օգտվել գաղտնագրման ժամանակակից տեխնոլոգիաներից, ինչի համար անվճար ծրագրեր կան: Սա կօգնի անձնական տեղեկությունները պաշտպանել չարագործներից, սակայն, իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում դրանք նույնպես հնարավոր է ապակոդավորել, իհարկե, համապատասխան իրավական ընթացակարգերի կիրառման դեպքում:

Փորձագետը նաեւ նշեց, որ ժամանակակից տեղնիկական միջոցները հնարավորություն չեն տալիս պահպանել այն ամբողջ տեղեկատվությունը, որը հոսում է ինտերնետով։

Ցուցադրել ավելի
Back to top button