Հասարակություն

ԵԱՀԿ- ն օգնում է բարելավել հայ ոստիկանի «բարեվարքությունը»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ոստիկանական բարեփոխումներ, կոռուպցիայի դեմ պայքար եւ ոստիկանության բարեվարքություն ու հաշվետվողականություն. այս հարցերն են այսօր քննարկվել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնած միջոցառման ժամանակ: Հիմնական նպատակը մեկն է` ոստիկանության բարեվարքության ոլորտում միջազգային փորձի փոխանակումը Հայաստանի գործընկերների հետ: Միջոցառման մասնակիցներին ներկայացվել է «Ոստիկանության անձնակազմի բարեվարքությունը» խորագրով ձեռնարկի հայերեն տարբերակը։

ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը հույս ունի, որ համագործակցությունը նաեւ կստանա իր իրավական ձեւակերպումը եւ կունենա կոնկրետ արդյունքներ: Փոխոստիկանապետը հույս ունի, որ նման միջոցառումները կօգնեն առավել բարձրացնել ոստիկանության նկատմամբ վստահությունը։ Չկա երկիր, որտեղ ամբողջապես վստահեն ոստիկանությանը, սակայն, Արթուր Օսիկյանի խոսքով, կան երկրներ, որոնց հաջողվել է բարձրացնել այդ վստահությունը եւ նման փորձը օրինակելի կարող է լինել Հայաստանի համար:

Փոխոստիկանապետը վստահեցնում է, որ վերջին տարիներին կատարված աշխատանքները բավականին արդյունք տվել են եւ դա նկատելի է, եթե համեմատենք այսօրվա ոստիկանությունը 5 տարի առաջվա ոստիկանության հետ: Բավականին աշխատանք դեռեւս կա անելու, նկատեց Օսիկյանը՝ հույս հայտնելով, որ համատեղ աշխատանքի արդյունքում մոտ ապագայում հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքի, մանավանդ, ինչպես վստահեցրեց փոխոստիկանապետը, ոստիկանության ղեկավարությունն ունի այդ կամքը:

Ինչով ներկայացված ձեռնարկը կնպասի դրված խնդրի իրականացմանը` Օսիկյանը, կարծում է, որ տարբեր երկրների փորձի դիտարկումն օգտակար կլինի անպատճառ: Ոստիկանությունում ստեղծվեց կարգապահական հանձնաժողով եւ Օսիկյանը համոզված է, որ այն մեկ քայլ առաջ է` ժողովրդավարական ոստիկանություն ունենալու ճանապարհին: Արձագանքելով քննադատություններին, թե ոստիկանությունում միայն համազգեստը փոխվեց` փոխոստիկանապետը հակադարձեց, թե կույր է պետք լինել` չտեսնելու համար մնացած շատ բարեփոխումները։

Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւյան կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլուրի խոսքով` այն ձեռնարկը, որ ներկայացվում է ոստիկանությանը` ինքնին արժեք չէ, այլ թուղթ է, սակայն իրական արժեք է այնտեղ պարունակվող բովանդակությունը, որը ոստիկանները պետք է կարդան։ «Եթե այդ բովանդակությունը հետաքրքրությամբ ընդունվի (իսկ այն հետաքրքիր է) Հայաստանի ոստիկանական ծառայությունների պատասխանատուների կողմից, մենք կհամարենք, որ տվյալ ուղղություններով մենք հաջողությամբ ենք աշխատել։ Եթե մեր համագործակցությունը շարունակվի, ապա Հայաստանի ոստիկանական ամբողջ համակարգը մեծ հաջողությունների կհասնի»,- համոզմունք հայտնեց եվրոպացի պաշտոնյան։

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի խոսքով` կոռուպցիան բարդ երեւույթ է եւ դրա դեմ պետք է պայքարել տարբեր մակարդակներում: Նա հույս ունի, որ մշակված ձեռնարկը օգտակար կլինի  կուռուպցիային հակազդելու եւ հակակոռուպցիոն գործելակերպն ու արժեքները ոստիկանության մշակույթի մեջ ներդնելու գործում: Սորոկինը չցանկացավ գնահատել Հայաստանի ոստիկանական համակարգը, փոխարենը` շեշտեց, որ ներկայացված գիրքը հնարավորություն կարող է տալ նախ կարեւոր մի քայլ կատարել` ինքնագնահատական տալ, վեր հանելով բոլոր խնդիրները եւ համապատասխան լուծումներ առաջարկել` օգտվելով միջազգային լավագույն փորձից։

Ցուցադրել ավելի
Back to top button