Վերլուծական

Վրաց- ռուսական հարաբերությունների կարգավորման գործում Հայաստանը կարող է միջնորդ լինել, ասում է Իսկանդարյանը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Վրաստանում կայացած նախագահական ընտրություննում Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլիի հաղթանակը նոր հնարավորություններ կստեղծի հայ-վրացական հարաբերություննների հետագա զարգացման համար, կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ խոսելով Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների մասին` Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց, որ Վրաստանի իշխանությունների համար կարևորագույն հարցերից մեկը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է, և այդ տեսանկյունից Հայաստանը կարող է որոշ հարցերում ստանձնել միջնորդի դեր։
Քաղաքագետի գնահատմամբ` Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Վրաստանի համար հեշտ չէր եւ եթե դա առավել դժվար էր Սահակաշվիլիի պարագայում, ապա նոր նախագահի դեպքում դա հեշտ կլինի։ Ըստ քաղաքագետի` Ռուսաստանն էլ Վրաստանի հանդեպ համեմատաբար ավելի բարյացակամ կլինի, քան նախկինում: Բանախոսը կարծում է, որ դա կարեւոր է մեզ համար, որպես հարեւան երկիր։ «Խնդիրն այն է, որ Միխայիլ Սահակաշվիիլիի օրոք Վրաստանն այնպիսի երկրներից մեկն էր, աշխարհում կան այդպիսի երկրներ, որոնց արտաքին քաղաքականությանը կախված չէր իրենից: Վրաստանի մայրաքաղաքը ոչ թե Թբիլիսին էր, այլ Վաշինգտոնը: Իսկ Վաշինգտոնի քաղաքական առաջնահերթություններն այլ էին: Լավ թե` վատ, դա ուրիշ է: Կարևորն այն է, որ դրանք այլ էին»,- ասում է Իսկանդարյանը։

Նման պայմաններում Վրաստանի հետ խոսելը գրեթե անօգուտ էր, շարունակեց քաղաքագետը՝ նկատելով, որ գրեթե ցանկացած հարցի վերաբերյալ պետք էր խոսել ոչ թե Վրաստանի, այլ ինչ-որ այլ ուժերի հետ: Այս առումով, ըստ քաղաքագետի, Հայաստանի հնարավորությունները բավական սուղ էին: Վրաստանի հնարավորությունները նույնպես սուղ էին, քանի որ նրա քաղաքական առաջնահերթությունները պայմանավորված էին այլ երկրների քաղաքական առաջնահերթություներով: Օրինակ` պետք էր լինել հակառուսական եւ Վրաստանն այդպիսին դարձավ: Դրա արդյունքում կորցրեց իր տարածքները։

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ` դրա պատճառը հենց այն էր, որ Վրաստանի քաղաքականությունը չէր որոշվում Թիբլիսիում։ Եթե այն որոշվեր այդտեղ, ապա նման քայլերի Վրաստանի ղեկավարությունը դժվար թե գնար: Ըստ քաղաքագետի` Սահակաշվիիլիին իշխանությունից հեռացնելուց հետո, ներկայումս Վրաստանի համար առաջացել է արտաքին քաղաքականությունը  վարելու որոշակի հնարավորություն` սեփական շահերից ելնելուվ։

Այդ հնարավորությունը, քաղաքագետի գնահատմամբ, իհարկե, մեծ չէ, սակայն հնարավորությունները ի հայտ են եկել և Վրաստանը սկսել է փոխել իր քաղաքականությունը: Կովկասի ինստիտուտի տնօրենը համոզված է, որ դա իր հերթին Հայաստանի, հայ-վրացական հարաբերությունների համար մեծ ու նոր հնարավորություններ է ստեղծում եւ շատ հարցերում Հայաստանը կարող է նաեւ միջնորդ լինել: Այդ հնարավորությունները պետք է կարողանա իրացնել մեր դիվանագիտությունը, եզրափակեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button