Միջազգային

Սիրիայի փոխվարչապետը հեռացվել է ամերիկացի դիվանագետի հետ հանդիպելու համար

ԱՄՆ-ը  շարունակում  է հուսալ, որ Սիրիայի հարցով «Ժնև-2» խորհրդաժողովը հնարավոր կլինի հրավիրել նոյեմբերին, լրագրողներին ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին: «Մենք շարունակում ենք աշխատել ընդդիմության և նաև Ռուսաստանի հետ, որպեսզի որոշենք, թե երբ կարող ենք խորհրդաժողովը հրավիրել: Ինչպես նախկինում` թիրախ ենք  ընտրել նոյեմբերը: Պետքարտուղար Քերին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ: Ռուսաստանյան կողմը պատասխանատվություն է վերցրել սիրիական իշխանություններին բերել բանակցությունների սեղանի մոտ»,- նշել է նա: Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ լուրջ դժվարություններ կան խորհրդաժողովի կազմակերպման խնդրում, մասնավորապես կապված ընդդիմադիր որոշ խմբավորումների հետ, որոնք չեն ցանկանում մասնակցել «ժնև-2»-ին:

Ջեն Պսակին նաև տեղեկացրել է, որ Սիրիայի փոխվարչապետ Կադրի Ջամիլը, որի հրաժարականի մասին լուրը նախօրեին տարածել էին լրատվամիջոցները, Ժնևում հանդիպել է ամերիկացի դիվանագետ Ռոբերտ Ֆորդի հետ: Ֆորդը Ջամիլի հետ հոկտեմբերի 26-ին կայացած հանդիպման ժամանակ ընդգծել է սիրիական հակամարտության  խաղաղ լուծման անհրաժեշտության մասին, ասել է, որ Բաշար Ասադը և նրա շրջապատը պետք է հեռանան և ստեղծվի ժամանակավոր կառավարություն:

«Մենք սիրիական տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպում ենք: Չենք կարող նրանց ցանկը հրապարակել, սակայն պետք է նշել, որ մենք պարբերաբար հանդիպում ենք սիրիացիների հետ և պահպանում ենք  ուղիղ կապը Դամասկոսի ռեժիմի հետ»,- հավելել է Պսակին:

Նշենք, որ Սիրիայի փոխվարչապետի պաշտոնաթողության  լուրը տարածել էր ՍԱՆԱ գործակալությունը, որի տվյալների համաձայն՝ փոխվարչապետը պաշտոնաթող է արվել «արտերկրում չարտոնված հանդիպում անցկացնելու համար»։ ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ի թղթակցի հետ զրույցում Ջամիլն ասել է, թե չի բացառում իրադարձությունների այդպիսի ընթացքը: «Եթե լրատվամիջոցները գրում են, ապա դա կարող է ճշմարտություն լիել»,- նշել է նա՝ շեշտելով, որ պաշտոնապես իրեն որևէ պատճառաբանություն չի բերվել:

Ցուցադրել ավելի
Back to top button