ԿարևորՔաղաքական

Ղարաբաղյան խնդիր, զենքի վաճառքի ռուս-ադրբեջանական գործարք, ՀԱՊԿ ԽՎ երեւանյան նիստում

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Երևանում երկօրյա արտագնա նիստ է հրավիրել  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովը։ Օրակարգում մոտ մեկ տասնյակ հարցեր են, քննարկման հիմնական թեման Կովկասի ռազմաքաղաքական իրավիճակն է,   հավաքական անվտանգության խնդիրներն այս տարածաշրջանում։ Հանձնաժողովի նիստում այսօր ծավալված   քննարկումներին չի շրջանցվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմա: Առանձին քննարկում էլ  ծավալվել Ադրբեջանի սպառազինության, ինչպես նաև զենքի վաճառքի ռուս-ադրբեջանական գործարք շուրջ:

«Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճալու  մասին հարցը հանձնաժողովի նիստի ժամանակ բարձրացրել են մեր հայ գործընեկորները, նկատում եմ , որ խնդիրը  ձեզ անհագստացնում է և դա մենք հաշվի կառնենք», —  այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության, անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնին:  Հանձնաժողովը երկօրյա արտագնա նիստ է հրավիրել Երևանում, օրակարգում մոտ մեկ տասնյակ հարցեր են, քննարկման  հիմնական թեման Կովկասի ռազմաքաղաքական իրավիճակն է:

«Ռուսատանի Դաշնությունը, որպես սուվերեն պետություն և որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություն, կատարում է միջազգային համաձայնագրերով ստանձնած իր բոլոր պարտավորությունները բոլոր  երկրների հանդեպ։ Օրենքի տառին համաձայն՝ իրավական նորմատիվ ակտով  նախատեսված  որևէ սահմանափակում այդ հարցում չունենք», սա, ըստ Պետդուման ներկլայացնող պատգամավորի, Ադրբեջանին զենք վաճառելու հարցի վերաբերյալ իրավական պատասխանն է կամ ինչպես խորհրդարանականը նշեց ՝ օրենքի տառից բխող պատասխանը:

Ինչ վերաբերում է օրենքի ոգուն, «ինչպես հասկանում եմ, այս հարցը ձեզ անհանգստացնում է, մենք հասկանում ենք այդ անհանգստությունը և պատրաստվում ենք քննարկել այդ հարցը՝ դիտարկելով այն ՀԱՊԿ անդամ պետությունների հարաբերությունների հարթությունում»:

Ադրբեջանի սպառազինության ծավալների ու տեմպերի վրա մեր ուշադրությունը հրավիրել են հայ պատգամավորները, ասաց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչը, նշեց, որ քննարկումները դեռ շարունակվելու են, վերջնական եզրակացություններ առայժմ չունեն: Կա նախնական տրամադրվածություն առանձին քննարկում նվիրել տարածաշրջանում  սպառազինության թեմային: «Այն, մենք այստեղ՝ ՀՀ-ի տարածքում ենք անցկացնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստը, արդեն վկայում է, որ մենք անհանգստանում ենք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով»։

Ի դեպ՝ հանձնաժողովի փակ նիստի ընթացքում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը որպես տարածաշրջանային մարտահրավեր դիտարկելու անհրաժեշտության մասին խոսել  էր ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը։ Նրանից հետաքրքրվեցին, թե ինչ արձագանքի է արաժանացել իր կողմից բարձրացված հարցը: «Շատ հստակ պատասխան ստացա վարողի կողմից. նա ասաց, որ այս պահին չի կարող խոսել այդ թեմայի մասին և  դա առանձին քննարկման առարկա է համարում: Կարծում եմ՝ հանձնաժողովի հայ պատվիրակները պետք է հետևողական լինեն այս հարցում և հասնեն նրան, ար այդ քննարկումը կայանա ու տրվի փաստի քաղաքական գնահատականը»։

Ի դեպ՝ սա միակ հարցը չի եղել, որը բարձրացրել է Խաչատուր Քոքոբելյանը: Նա առարկություն է ունեցել նաև ռուսերենով ընթացող քննարկման վերաբերյալ, պահանջել է քննարկվող փաստաթղթերը տրամադրել ոչ միայն ռուսերենով, այլ նաև հայերենով: Համաձա՞յն է արդյոք այդ պահանջին մեր պատվիրակության մեկ այլ անդամ՝   նիստը համանախագահող Խոսրով Հարությունյանը: «Սա ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովի նիստն է, իսկ ըստ գործող կանոնակարգման, ՀԱՊԿ աշխատանքային լեզուն ռուսերենն է»:

Հանձնաժողովի նիստից հետո փաստաթղթերի ընդունում է նախատեսվում: Խոսրով Հարությունյանը վստահեցնում է, որ դրանում անդրադարձ կլինի նիստի ընթացքում քննարկված բոլոր հարցերին: «Մենք պայմանավորվել ենք, որ քննարկումների արդյունքում կմշակվի այն վերջնական փաստաթուղթը, որի մեջ ընդգրկված կլինեն բոլորիս համար հետաքրքրություն ներկայացնող հարցադրումները»։

Նիստը, ինչպես նշեցինք, երկօրյա է: Դրա ընթացքում հանձնաժողովի անդամները հանդիպումներ են ունենալու ԱԻ և պաշտապնության նախարարների հետ, վաղը լինելու են  Նախիջևանի հետ սահմանագծում, չեն շրջանցելու նաև մշակութային հարցերը. նախատեսված են այցեր Մատենադարան ու Ցեղասպանության հուշահամալիր:

Ցուցադրել ավելի
Back to top button