ԿարևորՏնտեսական

Հայտարարվում է ռեկորդային բերք՝ մեծ ծավալի ներկրումների պարագայում. Բերբերյանի չի հավատում պաշտոնական տվյալներին

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը բավականին լուրջ խնդիր է տեսնում թռչնաբուծության մեջ: Միայն 6 ամսվա կտրվածքով 5 անգամ ավելի շատ ձու է ներկրվել հանրապետություն, քան՝ անցած տարի: Մոտ երեք անգամ ավելի շատ կենդանի թռչուն է ներկրվել, ինչը նույնպես խոսում է թռչնաբուծության ծանր վիճակի մասին։ «Եթե երկու-երեք տարի առաջ մենք արտահանում էինք ձու, հավի միս, այսօր արտահանողից, փաստորեն, նորից դարձանք ներկրող»,- ասում է։

Հրաչ Բերբերյանի փոխանցմամբ` պտղաբուծության առումով հարաբերական բարվոք վիճակ էր, եթե նայում ենք պաշտոնական թվերը: Սակայն, ըստ նրա, ամփոփելով միայն ծիրանին վերաբերող տեղեկատվությունը, կարելի է հասկանալ, որ ներկայացված թվերը վստահելի չեն։ «Հասարակ հաշվարկով երեւում է, որ թվերի մեջ կան լուրջ խախտումներ: Եթե հարվածային արտահանումը ծիրանն է եղել, ուրեմն մնացածում էլ կասկած ունենք, որ էլի թվերի խախտումներ կան»,- ասում է։

Հայտարարված թվերն ու շուկայում գոյություն ունեցող գները իրականության հետ կապ չունեն, շեշտեց Հրաչ Բերբերյանը: Հացազգիների հետ կապված՝ նա կասկած հայտնեց, որ պաշտոնական տվյալները, թե ցանքատարածություններն ավելացել են, նույնպես իրականության հետ կապ չունեն: Նրա խոսքով` չի երեւում, թե որտեղից եւ ինչի հաշվին է տեղի ունեցել այդ ավելացումը: Նա զարմացած է` ինչպես է լինում, որ հայտարարվում է ռեկորդային բերք, սակայն, մեծ ծավալի ներկրում է իրականացվում։ «Եթե ինքնաբավ ենք, ինչու ենք ներկրում: Պատասխաններ են պետք, որովհետեւ 330 հազար տոննան հանաք չէ, էն էլ էն դեպքում, որ վերջին երկու տարում 200 հազար մարդ է գնացել հանրապետությունից»,- ասում է։

Հրաչ Բերբերյանը հիշեցրեց, որ արդեն երկու տարի իրենք զգուշացնում էին, որ մորմազգիների ցեցերի դեմ պայքար է պետք տանել: Լսող չեղավ եւ վնասներն ակնհայտ են. ցանքատարածությունները պակասեցին եւ արդյունքում միայն լոլիկի գծով ունենք 200 տոկոս գնային աճ: Դրա դեմ միանշանակ կարելի էր պայքարել: Թե ինչու պայքար չեղավ` մնում ենք զարմացած, շեշտեց Ագրարարագյուղացիական միավորման նախագահը: Նախաձեռնություն իրենք ցուցաբերել էին, կառավարության հետ պատրաստ էին աշխատել, տեղեկացրեց բանախոսը` շեշտելով, որ գործը նախարարությունն իր ձեռքը վերցրեց ու քնացրեց։ Գրեթե նույնպիսի ոչ ոգեւորիչ պատկեր է նաեւ կարտոֆիլի արտադրության առումով։

Թեպետ ֆերմերների մոտ կարտոֆիլի բերքատվությունը բավականին բարձր է եղել, այդուահանդերձ, դա գների վրա չի կարող էական ազդեցություն ունենալ, քանի որ եռակի անգամ կարտոֆիլի բերքը ցածր է հանրապետության մասշտաբով, նշեց Հրաչ Բերբերյանը: Փոխարենը, նա կանխատեսեց նաեւ, որ հաջորդ տարի կարտոֆիլի բերքը լավ կլինի:

Բերբերյանը նշեց, որ անցյալ տարվա համեմատ 30 տոկոսից ավելի կաթի փոշի է ներկրվել: Ըստ նրա` եթե 20 հազար գլխով անասնագլխաքանակն ավելացել է, ինչպես նշվում է պաշտոնապես, ապա նման ծավալով չէր կարող ներկրվել ոչ կաթի փոշի, ոչ պանիր, ոչ սերուցք: Ինչ է լինում մեր կաթը, եթե կաթնամթերքն էդպես պակասում է ու կաթնամթերքը թանկանում, հարցնում է Ագրարագյուղացիական միավորման նախագահը: Եզրափակելով` նա հայտարարեց, թե ցավակցում է գյուղատնտեսության հաջորդ նախարարին, ով պետք է նման թվերով ստանձնի պարտավորություններ:

Ցուցադրել ավելի
Back to top button