Մշակույթ

Անիմացիոն ֆիլմերը միայն մանուկների համար չէ, «Ռեանիմանիան» կոտրում է կարծրատիպերը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

«Ռեանիմանիա» փառատոնի հինգ տարիները կազմակերպիչներին ապացուցել է, որ  ամեն տարի փառատոնի հանդեպ հետաքրքրությունը մեծանում է, ինչի երաշխիքը  լեփ-լեցուն դահլիճներն են։ Փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին այսօր Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված մամուլի ասուլիսում նշեց, որ այս 5 տարիների ընթացքում փառատոնի կազմակերպիչների նպատակն է եղել կոտրել Հայաստանում և տարածաշրջանում ձևավորված այն կարծրատիպը, որ անիմացիոն ֆիլմերը միայն մանուկների համար է։
Կինեմատոգրաֆիկ այս ոլորտում Ֆրանսիան գրավում է առաջատար դիրքեր և գնալով  մեծացնում է հետաքրքրության շրջանակների աշխարհագրությունը: ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այս առումով կարեւորում է  «Անսիի» միջազգային փառատոնը, որ անմիջականորեն կապված է Կաննի փառատոնի հետ։

«Անսիի» միջազգային փառատոնի տնօրեն Տիցիանա Լոշի խոսքով` այս փառատոնը և նման հանդիպումները մեծ հետաքրքրություն են  առաջացրել, քանի որ սա հնարավորություն է ընձեռում երիտասարդ ստեղծագործողների շրջանում կարծիքների փոխանակման համար։ «Պատահական չէ անիմացիոն ոլորտում Ֆրանսիայի գրաված առաջատար դիրքը, քանի որ  ամեն տարի «Անսիի» միջազգային փառատոնին մասնակցում են  60-ից 80 երկրներ: Եվրոպայում Ֆրանսիան անիմացիոն ոլորտում առաջատարն է, իսկ  համաշխարհային մակարդակով երրորդ տեղն է ԱՄՆ-ից և Ճապոնիայից հետո: Այս փառատոները հնարավորություն են տալիս բացահայտելու և դրսևորվելու երիտասարդ ստեղծագործողներին»։

Ըստ նրա`  անիմացիոն ֆիլմերի արտադրության ոլորտում աշխատում են 4000 մասնագետներ: Անիմացիոն ֆիլմերը Ֆրանսիայում ամենաշատ արտահանվող ապրանքատեսակն են: Ապրանքաշրջանառությունն ամեն տարի կազմում է 35 միլիոն եվրո: Ֆրանսիական անիմացիոն ֆիլմերն առաջին հերթին արտահանվում են  Եվրոպա, իսկ 64 տոկոսն արտահանվում է ասիական երկրներ:  Տիցիանա Լոշը նշեց, որ անիմացիոն ոլորտը մեծ ներդրումներ պահանջող ոլորտ է: Այսօր երիտասարդներն  ավելի հակված են  կինոնկարներ տեսնել, քան՝ ընթերցել: Սա էլ ավելի է պարտավորեցնում, որպեսզի ստեղծված ապրանքատեսակը կարողանանք  համապատասխանեցնել  երիտասարդ ունկնդրի  սպասելիքներին, ասում է Լոշը:

Վերադառնալով «Ռեանիմանիային» նշենք, որ այն մեկնարկեց հոկտեմբերի 26-ին ռեժիսոր Մարկ Բորեալի «Մայրս մեկնել է  Ամերիկա և հանդիպել է Բուֆալո Բիլին» ֆիլմով:   Ռեժիսորի խոսքով` կինոն ստեղծվել է գրքի հիման վրա։ Ինքնակենսագրական ֆիլմի ռեժիսորը նշեց, որ դերակատարն ինքն է գրել ֆիլմի սցենարը, ինքն էլ նկարահանել ֆիլմը: Նշենք նաև, որ Մարկ Բորեալի կինն ազգությամբ հայ է և ռեժիսորի երազանքն է նկարահանել ֆիլմ հայ-ֆրանսիական զուգակցություններով:

Ցուցադրել ավելի
Back to top button