ԿարևորՏնտեսական

Անարդյունավետ մեխանիզմները փոխարինում ենք արդյունավետով, ասում է վարչապետը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Գործազրկության նպաստների 94 տոկոսը նպատակին չեն ծառայել. վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ հոկտեմբերի 28-ին  պետական բյուջեի նախագծի քննարկումներում արած հայտարարությունը բազմաթիվ քննադատությունների ու տեսակետների պատճառ դարձավ։  Տիգրան Սարգսյանն  այսօր «Օվալ Պլաստ»  գործարան այցի ժամանակ եւս մեկ անգամ հստակեցրել  է. «Եթե կան անարդյունավետ մեխանզիմներ, որոնք փոխարինվում են արդյունավետ մեխանիզմներով, պետք է դրա մասին խոսենք, որովհետև շատ հաճախ մենք վերցրել ենք զարգացած երկրների սոցիալական ապահովության ինստիտուտներ ենք ներդրել Հայաստանում,  որոնք չեն աշխատում և չեն կարող աշխատել»։

Սոցիալական քաղաքականության ուղղվածությունն է փոխվել, հայտարարեց Տիգրան Սարգսյանը։ Նա հորդորեց հայտարարության մեջ մեղավորներ չփնտրել։ «Պետք է դիտարկել ոչ թե մեղավորներ որոնելու հանգամանքը, այլ պետք է քննարկել արդյունավետ մեխանզիմներն արդյուանվետ մեխանիզմերով փոխարինելու ռազմավարությունը և քաղաքականությունը: Նույնն է՝ եթե մենք կոմունիստական  վարչական ռեժիմից անցնում ենք շուկայական ռեժիմի: Ովքեր էին մեղավոր, որ հին կոմունիստական գաղափարախոսություն էր ներդրվել, հին մեխանզիմներ էին Հայաստանում կիրառվում, ադմինստիրատիվ  մեթոդներ, հիմա անցում է կատարվում շուկայականի»,- նկատեց նա։

Վարչապետը, ի դեպ, այսօր անձամբ այցելել է «Օվալ պլաստիկ» ընկերություն՝ պարզելու, թե արդյունավե՞տ են արդյոք ծախսել ՓՄՁ ՈՒՎԿ տրամադրած 200 մլն դրամ վարկը։ Այն ընկերությանը տրվել էր 11 տոկոս տարեկան տոկոսադրույքով, 60 ամիս մարման ժամեկտով, 12 ամիս արտոնյալ ժամանակահատվածով 3 փուլով։ «Ես կարծում եմ՝ դուք ինքներդ հնարավորություն ունեիք ձեր աչքերով տեսնել, որ խիստ էֆեկտիվ էր, որովհետև դա հնարավորություն է  տալիս գործարանին արդիականացնել իր բոլոր սարքվորումները, հոսքային գծերը և արտադրողականությունը երկու անգամ ավելի աճում է։ Մենք շատ գոհ ենք արդյունքներից և մտադիր ենք շարունակել ֆիանսնավորել այս գործարանին: Նրանք ունեն նոր ծրագրեր, որոնք միտված են լինելու  արտահանման  ծավալների աճին: Տեսնում ենք, որ գործարանի մրցունակությունը բարձրացել է և ինքը ինքնուրույն բավականին հետաքրքիր ապրանքներ է արտահանում  և ունի հնարավորություններ ավելացնելու հզորությունները»,- ասաց վարչապետը։

«Օվալ պլաստիկ» ընկերությունն արտադրում է մեկանգամյա օգտագործման պլաստմասսե տարաներ, պոլիէթիլենային փաթեթներ, պլաստիկ շշեր, արկղեր, դույլեր ու պլաստիկ տարաներ: Հիմնականում սպասարկում են կաթնամթերք արտադրող  ու փաթեթավորող կազմակերպություններին։ Նախորդ տարվա համեմատ 50 տոկոսով ավելացել են  Վրաստան արտահանման ծավալները: Մինչև տարեվերջ պատրաստվում են նաև ՌԴ արտահանել։

Ընդհանուր ծավալների մոտ տասը տոկոսն է արտահանվում:  Արտադրության ծավալներն այս տարի,  ի հաշիվ  նոր տեսականու, 25 տոկոսով ավելացել  են: «Օվալ պլաստիկ» ընկերության հիմնադիր տնօրեն Վարուժան Խալաթյանը նկատում է, որ  վերջին շրջանում կառավարությունն աջակցում է փոքր ու միջին բիզնեսին։ «Կարծում եմ՝ այս պահի դրությամբ խոչընդոտներն ավելի քիչ են, քան՝ մի քնաի տարի առաջ։ Ցանկալի և ակնկալելի է, որ պետությունն արդեն հիմնովին կանգնում է արտադրողի  թիկունքին, որն անձամբ ինձ շատ ուրախացնում է»,- ասաց տնօրենը։

Տեղեկացնենք, որ «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է ՀՀ կառավարության որոշմամբ՝   համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի շրջանակում և նպատակ ունի աջակցել փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը:  «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվում են ձեռնարկատիրական /բիզնես/ վարկեր: 

Ցուցադրել ավելի
Back to top button