ԿարևորՔաղաքական

ՍԴ պատուհանները մյուս տարի չեն փոխվի. բյուջետային քննարկումներ ԱԺ- ում

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանում այսօր շարունակվել են Բյուջե 2014-ի քննարկումները: Պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային, բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը   ծավալվել է  իշխանության պետական ու դատական մարմինների ծախսերի շուրջ: 2014 թ- ին  օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների պահպանման ծախսերը նախորդ տարվա համեմատությամբ աճել են 15 տոկոսով և  կազմում են  մոտ 72 մլրդ դրամ:  Այս գումարի կեսից ավելին աշխատավարձերի ֆոնդն է՝  հաշվարկված մոտ 17 հազար հաստիքի համար:  2014 թվականի պետական բյուջեի նախագծով մոտ  647 մլն դրամ էլ նախատեսվում է տրամադրել  նախագահի, Ազգային ժողովի և կառավարության աշխատակազմերին   ամրագրված 10 վարչական շենքերի վերանորոգման համար:

ՀՀ նախագահի աշխատակազմին պետբյուջեից հաջորդ տարի հատկացվելիք գումարները   միայն 6 տոկոսով են  գերազանցելու  2013-ի համար  նախատեսված  ցուցանիշը: Ծախսերի ավելացումը, ըստ  նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի, հիմնականում  պայմանավորված է  էներգակիրների  սակագների փոփոխությամբ և աշխատավարձերի նոր հաշվարկով: «Տարբերությունը կազմում է 236 մլն դրամ»,- ասաց նա։

Մի շարք հոդվածներով նախագահի աշխատակազմն ավելի քիչ կծախսի, քան՝ նախորդ տարվա ընթացքում, իսկ ծրագրային առումով  հիմնականում կպահպանի նախորդ տարվա ուղղությունները: Անգամ հայտնի է, թե   միջինացված ցուցանիշներով   ինչ ծանրաբեռնվածություն է սպասվում  նախագահի աշխատակազմին։ «Ավելի քան 200-300 հրամանագիր, շուրջ 300 կարգադրություն, շուրջ 600 ուղերձ, 22-24 արտասահմանյան այց, նաև Հայաստանում այցեր և ընդունում: Բոլորս հասկանում ենք, որ այս թվերը մոտավոր են»,- ասած աշխատակազմի ղեկավարը։

Ի դեպ, մոտավորապես, բայց նախանշված է նաև նախագահի կողմից մեդալներով ու շքանշաններով պարգևատրման, պատվավոր կոչումների շնորհման շրջանակը:  Այս առիթով հարց ուներ ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը։ «Որպես թվաքանակ նշված է 700-ը, իսկ մրցանակների շնորհման մասում նշված է 45 թիվը: Կուզեի իմանալ, թե մեթադաբանական տեսանկյունից այս թվերն ինչպե՞ս եք ստացել»։ Վիգեն Սարգսյանն ի պատասխան ասաց, որ մեդալների ու շքանշանների թվերը նույնպես  միջինացման մեթադաբանությամբ են ստացվում։  «Միջինացման մեթադաբանությունն ենք օգտագործում, նայում ենք անցած տարիների միջինացված փորձը»։

Նախագահի աշխատակազմի ղեկավարը նաև նշեց, որ 2013-ին հաջողվել է կիսով չափ կրճատել քաղաքացիության հարցերով դիմումների ուսումնասիրության ժամկետը: Օրենսդրությամբ սահմանվածը 6 ամիս է, բայց  գործը նախագահի աշխատակազմում, ըստ Վիգեն Սարգսյանի, մնում է առավելագույնը 2 ամիս: Այդ դեպքում ինչո՞ւ է ձգձգվում  Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելը, հետաքրքրվեց  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։ «Քաղաքացիության շնորհումը մերժելը որևէ բացատրություն չի նախատեսում, դա բացարձակ իրավունք է։ Քաղաքացիությունը կարող է տրվել կամ մերժվել առանց բացատրության: Իսկ այս դեպքում, որքան ինձ հայտնի է, պարոն Սեֆիլյանը մերժում ստանալուց հետո չի վերադիմել»։

Կառավարության աշխատակազմը 2014-ին պետբյուջեից կսատանա 292 մլն դրամով ավելի, քան՝ նախորդ տարի: Այս դեպքում ևս ավելացումը հիմնականում պայմանավորված է  էներգետիկ ծառայությունների սակագների բարձրացմամբ ու աշխատավարձերի նոր հաշվարկով:  Գազի ու էլեկտրաէներգիայի համար, օրինակ,  կառավարության աշխատակազմը 2014-ին  30 մլն դրամով ավելի կվճարի, քան՝ 2013-ին։

Իսկ արդյո՞ք ավելացել են գործուղումների ծախսերը, հետաքրքում էր ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանին:  Դրանք, ըստ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի, նախորդ տարվա համեմատությամբ չեն աճել:

Իսկ  ի՞նչ վարչական շենքրի վերանորոգում է նախատեսել կառավարությունը՝ հետաքրքրում էր արդեն ԲՀԿ խմբակցության պատգամավոր  Տիգրան Ուրիխանյանին։ «Ի՞նչն է վերանորոգվում, պաշտոնյաների առանձնասենյակնե՞րը»։ Իսկ մինչ հարցը պատգամավորը նախարարին անմխիթար վիճակում գտնվող մանկապարտեզների ու դպրոցների մասին էր հիշեցրել: Միայն վերանորոգման ենթակա դպրոցների քանակը  անցնում է 400-ը և այդտեղ մենք ունենք միլիարդավոր դրամների կարիք, ասաց նախարարը։

ՀՀ Սահմանադրական դատարանին պետբյուջեից հատկացվելիք գումարները նույնպես ավելացել են այնքան, որքան պահանջում է նոր համակարգով աշխատավարձերի հաշվարկն ու էներգակիրների սակագնի բարձրացումը: Դատարանի ծախսերի համար նախատեսված գումարի 80-85 տոկոսն ուղղվելու է աշխատավարձերին, այսօր խորհրդարանում ասաց  ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը, իսկ դատարանը նաև այլ խնդիրներ ունի: ՍԴ-ի շենքը 1990-ականներից կապիտալ վերանորոգման չի ենթարկվել, բայց դրա կարիքն ունի: ՍԴ-ն 62  մլն դրամի չափով լրացուցիչ ֆինանսավորման  հայտ է ներկայացրել՝ շենքի փայտյա պատուհանները փոխելու և սպասարկող մեքենաներից երկուսը  նորերով փոխարինելու մասին:  Ըստ  ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի՝  ավտոմեքենաների ձեռքբերման հայտը դեռ  քննարկվում է, իսկ պատուհանները փոխելու հարցը  առաջնահերթ չի համարվել։

Ցուցադրել ավելի
Back to top button