Միջազգային

Հետախուզական սկանդալը ԵՄ- ԱՄՆ բանակցությունների առարկա

Վաշինգտոնում Եվրամիության պատվիրակությունն այս շաբաթ կքննարկի իրավիճակը, որը ստեղծվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից եվրոպական երկրների առաջնորդներին գաղտնալսելու վերաբերյալ տեղեկությունների տարածումից հետո, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին՝ չնշելով, թե ինչ մակարդակի հանդիպման մասին է խոսքը:

Ըստ նրա՝ Վաշինգտոնում եվրոպացիների հետ հանդիպումներում ներառված կլինեն պետքարտուղարության, ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության և Սպիտակ տան ներկայացուցիչները: Նշենք, որ լրտեսական ծրագրերի վերաբերյալ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տարածած տեղեկությունները տարաձայնությունների պատճառ էին դարձել եվրոպական մի շարք երկրների, մասնավորապես՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի ու ԱՄՆ հարաբերություններում: «Մենք կողմերի հետ քննարկում ենք այդ հարցը, գիտակցում ենք, որ այն անհանգստություն է առաջացրել»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Ջեյ Քարնին նշել է նաև, որ ԱՄՆ իշխանությունները քննարկում են ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից հետախուզական տվյալների հավաքագրման սահմանափակման հարցը: Նրա խոսքերով՝ 2013 թ. վերջին նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ պետք է վերանայվի հատախուզական գործունեությունը: «Նախագահը կարծում է, որ մենք այդ տեղեկատվությունը պետք է հավաքենք ոչ այն պատճառով, որ կարող ենք, այլ այն պատճառով, որ անհրաժեշտ է»,- ասել  է Քարնին:

Նա հրաժարվել է մեկնաբանել տեղեկատվությունն այն մասին, թե Օբաման չգիտեր Մերկելի հեռախոսի գաղտնալսման մասին: «Ես չեմ մեկնաբանի ներքին քննարկումների մանրամասները»,- հայտարարել է նա՝ ևս մեկ անգամ նշելով, որ ԱՄՆ-ը «չի հետևում և չի հետևի» Գերմանիայի կանցլերին:

Ցուցադրել ավելի
Back to top button