ԿարևորՔաղաքական

Հայ- հունական պաշտպանական համագործակցության նոր էջ կբացվի առաջիկայում

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դմիտրոս Ավրամոպուլոսի գլխավորած պատվիրակությունը: Այսօր հույն բարձրաստիճան գործընկերոջն ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարարը: Տեղի ունեցած առանձնազրույցից հետո երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն արդյունքներն ամփոփել են լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Դմիտրոս Ավրամոպուլոսը  կարեւորել է երկու երկրների պաշտպանական համակարգերի ինտեգրման խնդիրը: Նշելով, որ չնայած ֆինանսական դժվարությունների՝ երկու երկրներին հաջողվել է պահպանել լավագույն պաշտպանական համակարգերը՝ հարեւանին խաղաղություն եւ կայունություն պարտադրելու գործիքներից մեկը։

Երկու երկրների ժողովուրդների բարեկամության, փոխադարձ օգնության պատրաստակամության եւ ընդհանուր մոտեցումների վրա հիմնված հայ-հունական պաշտպանական փոխգործակցությունը երկար պատմություն ունի: Սա նկատելով` մեր երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց նաեւ, որ համագործակցությունը հիմնված է ամուր իրավական հիմքերի վրա ու իրականացվում է ամենամյա պլանների ձեւաչափով։ «Երկու երկրներն էլ ունեն միեւնույն մոտեցումները տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ամրապնդման ուղղությամբ: Այս համատեքստում ես եւս մեկ անգամ ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանումները միջազգային փորձի առաջին քայլերը իրականացրեցին հունական կողմի աջակցությամբ, որի համար ես իմ շնորհակալությունն եմ հայտնում մեր գործընկերներին»:

Սեյրան Օհանյանի փոխանցմամբ` երկկողմ համագործակցությունը երկուստեք բարձր է գնահատվում: Այն իր մեջ ներառում է ուսումնական, վարժական եւ կրթական ողջ ներուժը, որն առկա է երկու երկրների զինված ուժերում: Հայկական կողմը նաեւ բարձր է գնահատում հույն գործընկերների հետ խորհրդատվության փոխանակումը տարբեր հարցերի շուրջ, շեշտեց Հայաստանի պաշտպանության նախարարը` հավելելով.  «Մեր համագործակցությունը հնարավորություն է ընձեռում անդրադառնալ ոչ միայն երկկողմ համագործակցությանը, այլ նաեւ տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությանն ու պաշտպանության հետ կապված խնդիրներին»։

Հայաստանի եւ Հունաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն այսօրվա քննարկումներում եւս մեկ անգամ հաստատել են, որ 2013 թվականի համար պլանավորած բոլոր միջոցառումներն իրականացվել են: Դրանք հիմք կծառայեն, որ 2014 թվականին երկկողմ պաշտպանական համագործակցությունում արձանագրվի զարգացում, շեշտեց Սեյրան Օհանյանը:

Իր հերթին Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրոս Ավրամոպուլոսը նկատեց, որ երկու ժողովուրդների բարեկամությունը երկար պատմություն ունի եւ երկկողմ հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի ու միասնականության վրա: Նրա խոսքով` որքան առաջ ենք շարժվում, այնքան ավելի շատ ոլորտներ ենք ի հայտ բերում` համագործակցության եւ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։ «Պաշտպանության ոլորտում շատ հաջող համագործակցում ենք 1996 թվականից ի վեր: Իմ այս այցը նշանավորում  է մի նոր էջի բացում ոչ միայն պաշտպանության ոլորտում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես նախկինում եղել եմ Հունաստանի արտգործնախարար, այս այցի ընթացքում մենք կջանանք նոր ոլորտներ ի հայտ բերել` քաղաքական, տնտեսական եւ իհարկե պաշտպանական համագործակցության ոլորտներում»։

Հունաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի գնահատմամբ` Հայաստանն ու Հունաստանը կարողունակ պաշտպանական համակարգեր են թողարկել եւ առաջին նպատակն այն է, որ երկու երկրների պաշտպանական համակարգերն ինտեգրված լինեն: Նրա ձեւակերպմամբ` միաժամանակ երկուստեք մեր ժամանակների ուղերձներն են ստացել, ուստի հաստատակամ են ներդրում կատարելու տարածաշրջանում խաղաղության, կայունության ու համագործակցության առաջխաղացման համար: Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի փոխանցմամբ` հենց այդ նպատակով էլ որոշել են երկու երկրների պաշտպանական համագործակցության նոր էջ բացել: Այդ առիթով նոր պաշտպանական համաձայնագիր կստորագրվի առաջիկայում, երբ Հայաստանի պաշտպանության նախարարը փոխադարձ այցով կլինի Հունաստանում:

Դիմիտրոս Ավրամոպուլոսի ձեւակերպմամբ` դա է այն հիմնական ուղերձը, որ ցանկանում է հղել բոլորին: «Խաղաղության եւ կայունության ուղերձ` ուղղված մեր բոլոր հարեւաններին: Միաժամանակ՝ այդ ուղերձը ի ցույց է դնում մեր հաստատակամությունը` առավել խորացնելու եւ ընդլայնելու մեր հարաբեություններն ու համագործակցությունը պաշտպանության, եւ ոչ միայն պաշտպանության, ոլորտներում»։

Չնայած այն հանգամանքի, որ Հունաստանը, ինչպես նաեւ` ամբողջ Եվրոպան ֆինանսական ծանր խնդիրների մեջ է գտնվում, մենք շարունակում ենք պահպանել լավագույն պաշտպանական համակարգերից մեկը, շեշտեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը` եզրափակելով, որ այդ պաշտպանական համակարգն ունենալը մեր երկու երկրների շահերից է բխում ու միաժամանակ՝ մեր հարեւան երկրին խաղաղության եւ կայունության դրդելու գործիքներից մեկն է։

Ցուցադրել ավելի
Back to top button