ԿարևորՔաղաքական

ԵՄ դռները բաց են Հայաստանի առաջ, ասում է Ֆրանսիայի դեսպանը

 Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«ՄՄ-ին անդամակցելու որոշումն ինքնիշխան Հայաստանի սուվերեն որոշումն է, որոշում, որով Հայաստանը, բնականաբար, հաշվի է առնում իր շահերը, և այդ որոշմանը հարկ է հարգանքով մոտենալ։ Մենք հարգում և ընդունում ենք Հայաստանի կայացրած որոշումը»,- այսօր հայտարարել է Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն։

Դեսպանի խոսքով՝  Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով միշտ էլ ցանկություն են հայտնել պահպանել և շարունակել իրենց հարաբերությունները ԵՄ տարբեր ատյանների հետ։ Անրի Ռենոն նշում է՝ Եվրամիությունը չի փակել իր դռները, այն միշտ բաց է  եղել Հայաստանի առջև։ Անդրադառնալով ՄՄ-ին անդամակցությանը՝ Ֆրանսիայի դեսպանը նշեց, որ ՄՄ-ն իր մեջ չի ներառում կառավարման, իրավական պետության կառուցման հետ կապված հնարավոր գործընկերություն, արդարադատության համակարգ:

Ինչ վերաբերում է ԵՄ-ին, դեսպանի խոսքով, այն առաջին հերթին քաղաքական կառույց է, և նրա բաղադրիչ հանդիսացող Արևելյան գործընկերությունը ևս շարունակում է պահպանել իր քաղաքական շեշտադրումը: Եվ այս առումով Հայաստան-ԵՄ համագործակցության ոլորտները անծայրածիր են, անհարաժեշտ  է խորապես ուսումնասիրվեն։

Խոսելով ղարաբաղյան խնդրի մասին՝ դեսպան Ռենոն նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որպես միջնորդական առաքելություն, առաջարկում է տարբեր մոտեցումներ, իսկ վերջնական որոշում կայացնողը Հայաստանն ու Ադրբեջանն են, որոնց կողմից էլ համապատասխան որոշում պետք է լինի։ Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող բանակցային գործընթացը երեք պետություններ են ստանձնել` ամենակատարյալ, փախհամաձայնեցված սկզբունքների հիման վրա: «Եթե անգամ կան շատ դժվարություններ, դրանք միշտ չէ, որ կախված են առաքելությունից»,- ասաց դիվանագետը։

Հարցին` անհրաժեշտություն չե՞ք տեսնում, որ Արցախը վերադառնա բանակցային սեղանին, Անրի Ռենոն պատասխանեց. «Բանակցային գործընթացին ԼՂ մասնակցության մասին ևս եռանախագահությունը մտածում է: Բանակցային գործընթացին մասնակից կողմերը երևի թե իրենք կորոշեն, թե երբ կլինի պատեհ առիթը, երբ ԼՂ-ն մասնակից դառնա բանակցային գործընթացին»։

Անցում կատարելով մեկ այլ թեմայի՝ հնարավո՞ր է արդյոք առաջիկայում Ֆրանսիայի Սենատում կրկին քննարկվի Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը`Անրիր Ռենոն մինչ հարցին պատասխանելը լրագրողներին հիշեցրեց օրինագծի անցած ուղին։ 2012-ի հունվարին Ֆրանսիայի Ազգային ժողովը շրջանառության մեջ դրեց Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը: Ստացվեց այնպես, որ օրենքը հայտնվեց Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի օրակարգում: Ուսումնասիրության արդյունքում խորհուրդն անվավեր ճանաչեց օրինագիծը` Սահմանադրությանը չհամապատասխանելու պատճառաբանությամբ: Հանրապետության նախագահը հանձնարարեց վերադառնալ այդ հարցին, մշակել նոր օրինագիծ, որտեղ ներկայացված կլինի մերժումը քրեականացնող կետը` հաշվի առնելով Սահմանադրության պարտադիր պահանջները։

Վերջինս հիշեցրեց, որ օրինագիծը  համաձայնեցվում է երկրի Սահմանադրությանը, որպեսզի վիճահարույց կետեր չլինեն։ «Այսօրվա դրությամբ աշխատում են համապատասխանեցման ուղղությամբ: Ես չեմ կարող ստույգ ժամկետների մասին խոսել, բայց հավաստիացնում եմ, որ ցանկացած նախաձեռնության դրսևորման դեպքում իրազեկված կլինենք»,- ասաց նա։

Ցուցադրել ավելի
Back to top button