ԿարևորՏնտեսական

Գործարար միջավայրի առումով Հայաստանն առաջ է Ֆրանսիայից. ՀԲ ցուցանիշները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

 Համաշխարհային Բանկն ու ՄԻջազգային ֆինանսական կորպորացիան այսօր հրապարակել են ամենամյա՝  «Գնահատումների ընկալումը ՓՄՁ-ների համար 2014» վարկանիշային զեկույցը: 189 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 37-րդ տեղը՝ զիջելով Բելգիային, առաջ անցնելով Ֆրանսիայից: Գործարար միջավայրի բարելավման ցուցիչով Հայաստանն առաջատարն է  ԱՊՀ երկրների շարքում, մեր երկրին համապատասխանաբար  հաջորդում են  Ղազախստանը՝, Բելառուսը, Ղրղզստանը, Մոլդովան, ՌԴ. Ուկրաինան, Տաջիկստանը, Ուզբեկստանն ու Ադրբեջանը: Նման  ցուցանիշերի դեպքում որքանո՞վ է նպատակահարմար Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելը: Հարցին այսօր պատասխանել է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ տեղակալ Կարինե Մինասյանը։ 

ՀԲ- ն հրապարակել է   Doing Business 2014-ը. Համաշխարհային բանկի և ՄԻջազգային ֆինանսական կորպորացիայի կողղից 2013թ հոկտեմբերի 29-ին հրապարակած «Գնահատումների ընկալումը ՓՄՁ-ների համար 2014» վարկանիշային զեկույցը կազմվում է գործարարների ու պետական մարմինների կողմից լրացրած հարցաթերթիկների ամփոփման հիման վրա, այն տասը ցուցիչով գնահատում է  մի շարք երկրներ, այս տարի երկրների թիվն ավելացել է հինգով՝ ընդգրկելով 189 երկիր:

Եվ այսպես՝ 189 երկրների շարքում  Հայաստանը 37- րդն է՝ նախորդ տարվա 32-ի փոխարեն: Հինգ կետով հետընթաց գրանցելու պատճառներից  մեկը, ըստ  Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանի, ավելացած երկրներն են: Մյուսի համար հիմք է դարձել բիզնեսի կարծիքը,ավելի կոնկրետ, թե ինչպես է բիզնեսն արձագանքում իրականացվող բարեփոխումներին: Երկու դրական ցուցիչով Համաշխարհային բանկն ընդգծել է, նախ՝   ձեռնարկությունների գրանցման համար մուծվող 17 հազար դրամ վճարն է հանվել,  և երկրորդ՝ երեք հարկատեսակների մասով  հարկային հաշվետվություններն են կրճատվել:

Նույն Համաշխարհային բանկը վերագնահատումներ է  կատարել, արդյունքում՝ հինգ կետով հետընթաց է  գրանցվել: Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանն ասում է, որ հետընթացը հիմնական այն ոլորտներում են, որտեղ ավանդաբար այնքան էլ լավ վիճակում չենք եղել։ «Առաջինը դա շինարարական թույլտվությունների ստացման հետ կապված ոլորտն է։ Այստեղ մենք ժամանակի առումով հետընթաց ունենք, այսինքն՝  Doing Business թիմը գրանցել է, որ շինարարական թույլտվություն ստանալու համար մեզ պետք է ավելի երկար ժամանակ. յոթ օրով ավելացել է, ու վճարներն են ավելացել շինթույլտվություն ստանալու համար: Երկրորդը՝  էլեկտրականության միացման հետ կապված ցուցիչն է»։

Դիրքի վատթարացում է գրանցվել նաև արտաքին առևտրի ոլորտում: Ըստ  ՀԲ-ի՝ փաստաթղթերի պատրաստման ժամկետը երեք օրով ավելացել է,  Կարինե Մինասյանը փաստում է, սակայն, որ օրերի ավելացման վերաբերյալ օրենսդրական որևէ փոփոխություն չի կատարվել: Խնդիր կա  նաև սնանկության ճանաչման հարցում։

189 երկրների շարքում զբաղեցնելով 37-րդ տեղը՝  Հայաստանը զիջում է  Բելգիային, փոխարենն առաջ է Ֆրանսիայից: ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն առաջատարն է, մեր երկրին համապատասխանաբար  հաջորդում են  Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Մոլդովան, ՌԴ- ն, Ուկրաինան, Տաջիկստանը, Ուզբեկստանն ու Ադրբեջանը։

Նման  ցուցանիշերի դեպքում որքանո՞վ է նպատակահարմար Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելը: Հարցին պատասխանելու համար  Էկոնոմիկայի փոխնախարարը մեջբերում է  ՀՀ նախագահի՝ օրերս Մինսկում  հնչեցրած հայտարարությունը։ «Մեր նախագահն այնտեղ ելույթ ունեցավ, ֆիքսեց այս պահը՝ ասելով, որ Հայաստանը բզինես միջավայրի  բարելավման առումով ՄՄ երկրներից  առաջ է, ասելիք ունենք ՄՄ-ում և սա լրացուցիչ, օժանդակ մի փաստարկ է, որ շատ արագ դառնանք Մաքսային միության անդամ: Դա մեր առավելությունն է, որը  հնարավորություն է  տալիս արագ միանալու Մաքսային միությանը: Ես կարծում եմ, որ մեր փորձը շատ հետաքրքիր ու կարևոր կլինի ՄՄ երկրների համար և չենք պատրաստվում հետընթաց գրանցել։ Իրենք պատրաստ են մեզ լսել»։

Տեղեկացնենք, որ տարածաշրջանում Հայաստանից առաջ է  միայն Վրաստանը, երկրորդ տեղում Հայաստանն է, ապա Ադրբեջանը, Թուրքիան, տարածաշրջանի երկրների սանդղակն ամփոփում է Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button