Վրաստանի նախագահը Գեորգի Մարգվելաշվիլին է. ձայների հաշվակը շարունակվում է


Վրաստանում շարունակվում է կիրակի կայացած նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը: Վրաստանի ԿԸՀ-ի կայքէջի նախնական տվյալներով` 2621 ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկից հետո «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հավաքել է ձայների 62.13 տոկոսը, «Միասնական ազգային շարժման» թեկնածու Դավիթ Բաքրադձեն 21.88 տոկոսը, իսկ խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանադձեն 10.07 տոկոսը: Վերջնական արդյունքներին չսպասելով իր մրցակցին արդեն շնորհավորել և համագործակցելու պատրաստակամություն է հայտնել Դավիթ Բաքրադձեն:
Մարգվելաշվիլիին շնորհավորել է նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին: Նա ելույթ ունենալով «Վրացական երազանքի» գրասենյակի բակում ասել է, որ Գեորգի Մարգվելաշվիլին կլինի «գերազանց նախագահ, ինչպես որ գերազանց էին անցկացված ընտրությունները»:
«Մենք առաջ կշարժվենք այսպիսի նոր հաջողություններով: Շնորհակալություն եմ հայտնում կոալիցիա մտած բոլոր կուսակցություններին, որոնք կռեցին այս հաղթանակը: Բիձինա Իվանիշվիլին մեզ բոլորիս հավաքել էր մի մեծ բանակի կազմում հաղթելու համար: Այդ բանակը պետք է շարունակի իր պայքարը երկիրը կառուցելու համար: Գեորգի Մարգվելաշվիլին կլինի բոլորի նախագահը: Ինչպես այս ընտրություններն առանձնացան բոլոր նախորդ ընտրություններից, այդպես էլ Մարգվելաշվիլին կտարբերվի մյուս նախագահներից», -հայտարարել է Դավիթ Ուսուպաշվիլին: