«Վերադարձը» վերադառնում է


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո ներկայացնում է Վերադարձի դասական երաժշտության 7- րդ փառատոնը, որի մեկնարկը կտրվի վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգային ծրագիրը նվիրված է Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադիր Զարեհ Սահակյանցի ծննդյան 80-ամյակին: Ծրագրում ընդգրկված են Սահակյանցի փոխադրումները ձայնի և կամերային նվագախմբի համար: Մասնակցում են արտերկրի հայ երաժիշտները Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ և կամերային նվագախմբերի հետ համատեղ։
Անդրադառնալով փառատոնին` հիմնադիր Մարիամ Շահինյանը վստահեցնում է, որ այս տարի ևս կապահովեն բարձրարժեք կատարողական արվեստ: Նոյեմբերի 3-ին մեր արվեստասեր հասարակությունը հնարավորություն կունենա ունկնդրելու ԱՄՆ-ից ժամանած մեր հայրենակից դաշնակահար Սոֆա Մելիքյանին, ով փառատոնի շրջանակներում առաջին անգամ է հայրենիքում:
Փառատոնի մասնակիցների համար այս գաղափարը հիանալի է կրկին վերադառնալ և տեսնել սիրելի ու արդեն ճանաչված հայրենակից երաժիշտներին: Այս փառատոնը կարևորվում է նրանով, որ ելույթ են ունենալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ և կամերային նվագախմբերը: Կամերային նվագախմբի ղեկավար Վահան Մարտիրոսյանի համար փառատոնին մասնակցելը մեծ պատիվ է, քանի որ ծրագրի շրջանակներում հավաքվում են աշխարի մեծանուն թե’ հայ և թե’ օտարերկրացի երաժիշտները, ինչի վկայությունն են Ֆրանսիայից ջութակահար Դավիթ Հարությունյանի, Գերմանիայից թավջութակատար Միքայել Հախնազարյանի եւ Ճապոնիայից մեներգչուհի Տոմոկո Ակասակայի մասնակցությունը։
«Ես առաջին անգամն եմ Հայաստանում, սակայն փոքրուց հայրս միշտ պատմել է Հայաստանի մասին և ցանկությունս մեծ էր լինել այստեղ, քանի որ շատ հայ երաժիշտ ընկերներ ունեմ Եվրոպայում: Շատ ուրախ եմ, որ հայերին հանդիպեցի այստեղ իրենց հայրենիքում և տեսա նրանց կյանքը Հայաստանում»,- ասում է Ակասական։
Փառատոնը հանդիսատեսին կներկայանա 6 համերգից բաղկացած համերգաշարով` 5-ը Երևանում, մեկը՝ Աբովյանում: