Հասարակություն

Վեհափառը մեկնեց Հվ. Կորեա. ԵՀԽ համագումարին կմասնակցեն 360 եկեղեցիների ներկայացուցիչներ

Հոկտեմբերի 28-ին Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Հարավային Կորեա` մասնակցելու հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 8-ը Հարավային Կորեայի Բուսան քաղաքում կայանալիք Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համագումարին:

«Կյանքի Աստված, առաջնորդի´ր մեզ դեպի խաղաղություն և արդարություն» խորագիրը կրող համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Բուսանի ցուցահանդեսների սրահում, որտեղ համաժողովի 4000 մասնակիցներին իր պատգամը կհղի Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Համաժողովին մասնակցելու են 150 երկրների շուրջ 360 Եկեղեցիների ներկայացուցիչներ, եկեղեցու պետեր, բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական գործիչներ:

Համաժողովի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն առանձին հանդիպումներ կունենա տարբեր Եկեղեցիների առաջնորդների և ԵՀԽ պաշտոնյաների հետ:

ՀԱԵ պավիրակների մեծ մասը ներգրավված է համաժողովի տարբեր աշխատանքային խմբերում և ԵՀԽ կոմիտեներում: Որպես երիտասարդ մասնակիցներ` համագումարի աշխատանքներին իրենց օգտակարությունն են բերելու Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի և Գևորգյան հոգևոր ճեմարանի աշխատակից Տաթևիկ Հակոբյանը և ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանող Սարգիս Մելքոնյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button