Վաշինգոտնը ղարաբաղյան բանակցությունների ակտիվացում է ակնկալում


Վաշինգտոնը հուսով է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ակտիվություն կգրանցվի Հայաստանում և Ադրբեջանում այս տարի կայացած ընտրություններից հետո: Բաքվում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը ադրբեջանական ԱՊԱ գործակալության լրագրողի հետ հարցազույցում մեկնաբանել է նաեւ հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացումը:
Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ կարևոր է, որպեսզի հակամարտող կողմերը խուսափեն քայլերից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը շփման գծում։ Մորնինգսթարի հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում ստեղծվեն նոր հնարավորություններ Հայաստանում տարեսկզբին, իսկ Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո։
«Միացյալ Նահանգները հուսով է, որ Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիև հաջորդ հանդիպումը կկայանա մինչև այս տարեվերջ: Համոզված եմ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի օրակարգի հիմնական հարցը նախագահների հանդիպման նախապատրաստումն է»,- ասել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանը։