ԿարևորՏնտեսական

Մյուս տարի հարկային վարչարարության խստացում չի լինի. կառավարության քաղած դասերը (լրացված)

լրացված է ժամը 18։24- ին

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

2014-ին կառավարությունը չի պատրաստվում բարձրացնել հարկերն ու խստացնել հարկային վարչարարությունը՝  նախատեսելով  ավելի արդյունավետ դարձնել ստվերի դեմ պայքարը: Գործադիրը  հաջորդ տարվա ընթացքում նաև աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում, աղքատության ու գործազրկության ցուցանիշների բարելավում է խոստանում:  ԱԺ մշտական  հանձնաժողովները սկսել են Բյուջե 2014-ի նախագծի քննարկումները: 

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով Բյուջե 2014-ի նախագիծը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը որպես փաստաթղթի հիմնական առանձնահատկություն նշեց այն  հանգամանքը, որ հաջորդ տարվա ընթացքում կառավարությունը հարկային  վարչարարության խստացում ու հարկային բեռի ավելացում չի նախատեսում: «Այսինքն՝ առաջին անգամ հարկեր/ՀՆԱ հարաբերչակցությունը թողնում ենք նույնը»։

Տիգրան Սարգսյանը սա քաղաքական որոշում համարեց, իսկ իր իսկ հարցին պատասխանելով, թե ինչու է  կառավարությունն այդպես որոշել, նշեց, որ պատճառը 2013-ից քաղած դասերն են։ «2013-ին վարչարարությունը խստացել է,  ինչը բիզնես միջավայրի վրա բացասական ազդեցություն է թողել»։ Հարկային ճնշումները 2014-ին նախորդ տարվա համեմատությամբ կնվազեն, ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ կառավարության նպատակը կլինի ոչ թե վարչարարության խստացումը, այլ ռիսկային ոլորտների բացահայտումը։

Բյուջե 2014-ի մյուս առանձնահատկությունը, ըստ վարչապետի, աշխատավարձերի բնագավառում իրականացվող  քաղաքականությունն է: «Առաջին անգամ մեր նորանկախ պետության պատմության մեջ ունենալու ենք բոլոր պետական կառույցների աշխատավարձերի համադրումներ և միասնական սանդղակ»: Նոր համակարգը, հիշեցնեմ, նախատեսվում է ներդնել օրենսդրական այն փաթեթով, որը բուռն քննարկումների առարկա դարձավ նախորդ քառօրյայի ընթացքում և առաջին ընթերցմամբ  դեռ չի քվեարկվել: Կառավարությունը նախատեսում է  2014-ի հունվարի մեկից  10 տոկոսով  բարձրացնել  ուժային կառույցների աշխատակիցների աշխատավարձերը, քաղծառայության համակարգում այդ բարձրացումը կամ վերահաշվարկը  նախատեսվում է հուլիսի մեկից:

Հունվարի մեկից սպասվում է նաև  կենսաթոշակների բարձրացում: Այստեղ նույնպես , ըստ վարչապետի, փոփոխություն կա: «Նվազ թոշակ ստացողների մոտ աճի տեմպը լինելու է ավելի բարձր, քան՝ բարձր ստացողների: Արդյունքում՝ 32 հազար մարդ աղքատության շեմից դուրս կգան միայն թոշակների բարձրացման արդյունքում։ Մենք տեսնում ենք, որ աղքատության ցուցանիշը նվազման միտում է դրսևորում, իսկ 2014թ-ի սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի շնորհիվ դա ավելի տեսանելի կլինի»։

Կառավարությունը, ըստ Տիգրան Սարգսայանի, արմատապես վերանայում է  սոցիալական պաշտպանության ոլորտը: Քաղաքականությունն այս բնագավառում  ուղղված է լինելու ոչ թե հետևանքների դեմ պայքարին, այլ՝ սոցիալական խնդիրներ ծնող պատճառների վերացմանը: Սա, ինչպես վարչապեը բացատրեց, նշանակում է, որ  կառավարությունը հրաժարվում է սոցիալական ֆորմալ օժանդակության մոտեցումից: Այս փոփոխությունն արդեն դրսևորվել է գործազրկության նպաստի ինստիտուտից հրաժարվելու քայլով։

Նախորդ տարիների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ունենք խիստ անարդյունավետ համակարգ ՝ ասաց վարչապետը  և իր այս գնահատականը շատ ուշագրավ մի ցուցանիշով հիմնավորեց. «Ըստ մեր ուսումնասիրությունների՝ համակարգին հատկացվող միջոցների 94 տոկոսը չէր հասնում շահառուին, այսինքն՝ այն մարդուն, ով աշխատանք է փնտրում: Բավարար էր միայն  2 տեղեկանք ներկայացնել  1 տարվա ստաժ ունենալու  և աշխատանքից ազատվելու մասին: Դիմողի սոցիալական կարգավիճակը բացարձակապես չէր հետաքրքրում գործող  համակարգին. հազարավոր մարդիկ ստանում էին ֆինանսական միջոցներ, որոնք չէին նպաստում ոչ սոցիալական խնդիրների լուծմանը, ոչ  էլ՝ աշխատատեղրի ստեղծմանը»։

Ի դեպ՝ վարչապետի հայտարարությունն այն մասին, որ գործազրկության նպաստի համակարգը մինչ այժմ  6 տոկոս արդյունավետությամբ է գործել, տարակուսելու առիթ տվեց  ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանին: «Փաստորեն՝ խոսքը բյուջետային միջոցների 94 տոկոսի փոշիացման մասին է: Ըստ էության՝  սա հաղորդում է հանցագործության մասին: Ինձ թվում է՝ նախ սա իրականությանը չի համապատասխանում, երկրորդ՝ գործազրկության նպաստը տրվում է այդ կարգավիճակն ունեցող անձին: Եթե անձը խաբել է պետական մարմնին, ապա սա իսկապես քրեական հանցագործություն է: Ես վստահ եմ, որ դա էդպես չէ: Կամ սխալ ներկայացում է եղել վարչապետին, կամ՝ վարչապետը ծրագրի մանսրամասներին տեղյակ չէ»,- ասաց։

Ինչ վերաբերում է դաշնակցության ընդհանուր գնահատականին, ապա այն ամբողջապես ու լիարժեքորեն  դեռ ձևավորված չէ: Բյուջետային քննարկումները նոր-նոր են մեկնարկել, բայց մեկ բան դաշնակցական պատգամավորն արդեն նկատել է։ «Ակնհայտ է մեկ բան. վարչապետը իր  խոսքը կառուցելիս, իմ գնահատկամաբ, շարունակեց մեծախոսություն դրևսևորել: Իհարկե՝ կան դրական քայլեր, բայց դրանք այդ մեծ սպասելիքները կամ արդյուքները չեն կարող ապահովել»։

ԲՀԿ-ն էլ դեռ վերջնականապես չի ամփոփել իր մոտեցումը: Խոսքն առայժմ նախնական գնահատականների  մասին է: Իսկ ըստ դրանց՝ Բյուջե 2014-ը բոլորովին նոր որակում է ստանում: «Եթե ես փորձեմ դեռևս առաջին տպավորությմաբ գնահատական տալ, կարող եմ ասել, որ սա բյուջե է, որի հիմնական գումարներն ուղղվելու են բանկերին, ապահովագրական ընկերություններին, լոմբարդներին։ Կարճ կանվանեի լոմբարդային բյուջե»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանը հարցեր ունի նաև այն առնչությամբ, որը որպես  բյուջեի հիմնական առանձնահատկություն նշվեց: Բյուջեի եկամուտները նախատեսվում է ավելացնել 110 մլրդ դրամով, բայց առանց հարկային բեռի ավելացման ու վարչարարության խսատացման։ «Այսինքն՝ հիմնական գործիքը լինելու է ստվերի կրճատումը: Ես հարց ունեմ`  ի՞նչն էր խանգարում կառավարությանը 2012-ին, 2013-ին պայքարել ստվերի դեմ: Ի՞նչ գործիքների պակաս ունեին իրենք նախորդ տարիներին, որ չէին պայքարում ստվերի դեմ և բյուջեն ավելացնում էին հարկային պրեսինգով։ Կամ ի՞նչ երաշխիք, որ 2014-ին դա հաջողվելու է»։

Այս ու բազմթիվ այլ հարցեր կառավարության ներկայացուցիչներին պատգամավորն ուղղելու են առաջիկա երկու շաբաթների ընթացքում ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում հրավիրվելիք բյուջետային քննարկումների ժամանակ: Բյուջետային հատկացումները կքննարկվեն ոլորտ առ ոլորտ, ապա՝ կտեղափոխվեն նիստերի դահլիճ։

Back to top button