Հասարակություն

Հրաչ Մուրադյանի ընտանիքը մտահոգություն ունի նրա սպանության լիարժեք բացահայտման հարցում

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից 7 ամիս է անցել: Այս ժամանակահատվածը բավական էր, որ գործը վարող նախաքննական մարմինը շատ ավելի ամբողջական նախաքննություն իրականացներ եւ ավելի շատ արդյունքներ ունենար, կարծում են «Հրաչ Մուրադյան- արդարության պահանջ» հասարակական շարժման ներկայացուցիչները: Նրանք լրագրողների հետ կիսվել են գործի քննության հետ կապված իրենց մտահոգություններով` տեղեկացնելով, որ վաղը նախատեսում են բողոքի ակցիա անցկացնել` արդար, օբյեկտիվ եւ ամբողջական քննության պահանջով:   

Սպանության բացահայտումը իրավապահ մարմինների պատվի գործն է եւ այն չի կարող չբացահայտվել, ասաց ԱԺ դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը: Նա շեշտեց, որ գործի ընթացքի մեջ մի շարք բացթողումներ են նկատում, որոնց առնչությամբ հայտնեց նաեւ իրենց մտահոգությունները: Մասնավորապես՝ չի դիտարկվում 2010-ին Հրաչ Մուրադյանի նկատմամբ տեղի ունեցած մահափորձի գործը։ Աղվան Վարդանյանի փոխանցմամբ` մինչ օրս իրենք հանդիպել են իրավապահ մարմինների տարբեր ներկայացուցիչների հետ, իսկ այսօր իրենց մտահոգությունները հայտնելու են նաեւ Հայաստանի գլխավոր դատախազին։

«Հրաչ Մուրադյան- արդարության պահանջ» հասարակական շարժման ներկայացուցիչներից Հրաչ Մուրադյանի եղբորոդին` Հակոբ Մուրադյանն իր հերթին փոխանցեց, որ Մուրադյանի ընտանքը նույնպես մտահոգություն ունի` գործի լիարժեք բացահայտման առումով։ «Ընտանիքը եւս մտածում է, որ էս գործը գնում է դեպի փակուղի»։

Գործի նախաքննության բացթողումների մասին առավել հանգամանալից խոսեց տուժողի իրավահաջորդների շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանը: Նա անդրադարձավ նաեւ գործով ձերբակալվածի փաստաբանի հայտարարությանը` շեշտելով, որ վերջինս համալիր փորձաքննության եզրակացությունը մեկնաբանում է հօգուտ իր պաշտպանյալի: Մելանյա Առուստամյանը պնդեց, որ Հրաչ Մուրադյանի սպանությունը 2010 թվականին նրա նկատմամբ տեղի ունեցած մահափորձի շարունակությունն էր, հետեւաբար` երկու հանցագործությունները կապված են միմյանց հետ, ուստի` դրանք պետք է ներառվեն մեկ գործում։

Տուժողի իրավահաջորդների շահերի պաշտպանի խոսքով` անմեղության կանխավարկածից ելնելով չի կարող պնդել, թե կալանքի տակ գտնվողը հանցագործությունը կատարողն է: Միաժամանակ՝ նա նկատեց, որ վերջինիս կալանքի տակ պահելու համար իրավապահ մարմինները պետք է որ բավարար հիմքեր ունենային եւ հենց դրա հիման վրա էլ դատարանը կալանքի ժամկետը երկարացրել է։

Տեղեկացնելով, որ որպես փաստաբան ինքը հանդես է գալիս երկու կողմում` Մելանյա Առուստամյանը շեշտեց, թե իր ցանկությունն է, որ տեղի ունենա բազմակողմանի, օբյեկտիվ եւ ամբողջական քննություն: Փաստաբանի գնահատմամբ` քննությունն ամբողջ ծավալով եւ ամբողջ ուժով չի աշխատում: «Սա կյանքի դեմ ուղղված հանցագործություն է, որ միջազգային կոնվենցիայով պաշտպանված իրավունք է ու անկախ նրանից գործը մտել է դատական փուլ, թե՝ ոչ, մի քիչ սպասելուց հետո պետք է դիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,-եզրափակեց փաստաբան Մելանյա Առուստամյանը։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button