ԿարևորՍպորտ

ՀԱՕԿ- ը չի ճանաչում Արթուր Բաղդասարյանի ղեկավարած Վոլեյբոլի ազգային ֆեդերացիան

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի՝ վոլեյբոլի ազգային ֆեդերացիայի նախագահ ընտրվելը Ազգային օլիպիական կոմիտեն պաշտոնապես չճանաչեց։ Այնօր ԱՕԿ- ը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։

«Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անց են կացվել մի շարք խախտումներով ու բացթողումներով: Այս ընտրությունն անցկացվել է պետական կառույցի անմիջական ներգրավվածությամբ ու ազդեցության ներքո, ինչը անթույլատրելի է, ավելին հակասում է օրենքին: Ֆեդերացիայի նախագահի ընտրությունն անցկացվել է Ազգային անվտանգության խորհրդի շենքում, խիստ գաղտնիության պայմաններում և արգելված է եղել անգամ լրատվամիջոցների և կոնֆերանսի բազմաթիվ անդամների մուտքը: Ֆեդերացիայի նիստը կայացվել է առանց պատշաճ իրազեկման»,- ասված է ԱՕԿ- ի այսօր տարածած հայտարարության մեջ։

Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը հոկեմբերի 24- ին պաշտոնապես անդրադարձել էր նաեւ արդարադատության նախարարությունը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՕԿ- ը կարող է «իր կազմից հեռացնել  «Հայաստանի Վոլեյբոլի Ֆեդերացիա» ՀԿ-ին (այսուհետ՝ ՀՎՖ), թե արդյո՞ք ՀՎՖ-ն պարտավոր է իր նախագահի թեկնածությունը համաձայնեցնել ՀԱՕԿ-ի հետ և արդյո՞ք ՀԱՕԿ-ին անդամակցելը պարտադիր նախապայման է միջազգային համապատասխան ֆեդերացիային անդամակցելու և միջազգային մրցույթներին մասնակցելու համար»։

Արդարադատության նախարարությունը պարզաբանել էր, որ օլիմպիական խարտիայի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1.2. կետի համաձայն «1. Անկախ իրենց կառուցվածքից, ԱՕԿ-ները պարտավոր են ընդգրկել… 1.2. այն ազգային ֆեդերացիաները, որոնք անդամակցում են Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված սպորտաձևերը համակարգող միջազգային ֆեդերացիաներին»:  Այսպիսով,  ոչ թե ՀԱՕԿ-ի անդամությունն է նախապայման համապատասխան միջազգային ֆեդերացիային անդամակցելու համար, այլ հակառակը՝ կազմակերպությունը ինքնաբերաբար դառնում է ՀԱՕԿ-ի անդամ, երբ ճանաչվում է համապատասխան միջազգային  ֆեդերացիայի կողմից: Ավելին, համապատասխան միջազգային ֆեդերացիայի անդամ ազգային ֆեդերացիան Օլիմպիական Խարտիայի և ՀԱՕԿ կանոնադրության ուժով համարվում է ՀԱՕԿ անդամ»։

Արթուր Բաղդասարյանի Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալն անգամ նրա եւ ԱՕԿ- ի նախագահ Գագիկ Ծառուկյանի միջեւ վեճի առարկա էր դարձել։ Թեեւ ԱՕԿ- ի այսօր տարածած հայտարարության մեջ ընդգծված է, որ «ՀԱՕԿ-ը չի դրել և չի դնելու որևէ անձնական հարց: Խնդիրն ընդամենը օրինականության, ընթացակարգերի պահպանման և միջազգային օլիմպիական սկզբունքներին հավատարիմ մնալու մեջ է: Ոչ մեկի քմահաճույքը չի կարող վտանգել մեր երկրի մարզական հեղինակությունը: ՀԱՕԿ-ը վճռական է հետամուտ լինել խնդրի իրավական կարգավորմանը և ՀԱՕԿ-ը սկսում է սահմանված կարգով ֆեդերացիայի հետկանչը վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայից»։

Ցուցադրել ավելի
Back to top button