Վերլուծական

Հայ փորձագետներն ակնկալում են ադրբեջանա- թուրքական գործոնի թուլացում Վրաստանում

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Վրաստանում կայացած նախագահական ընտրություններին ու դրանից բխող տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների հնարավոր փոփոխության հարցերի մասին են այսօր «Ելակետ» մամուլի ակումբում խոսել Վրաստանի հարցերով փորձագետներ Ջոնի Մելիքյանը և Ալիկ Էրոյանցը: Նրանք հիմնականում կարծիք են հայտնել, որ Գեորգի Մարգվելաշվիլիի հաղթանակը կբերի Վրաստանում ադրբեջանա-թուրքական գործոնի թուլացմանը, կսկսվի Ռուսաստանի հետ համագործակցությունը գործնական շրջանը։

«Վրացական երազանքի» ներկայացուցչի հաղթանակը կբերի՞ արդյոք վրացական երազանքի իրականացման, թե՞ ոչ, ցույց կտա մոտ ապագան.  ընտրություններին` քվեարկելու իրավունք ունեցող բնակչության 46 տոկոսի մասնակցությունը արդեն վկայում է, որ բնակչության մեծամասնությունն անտարբեր է ընտրությունների նկատմամբ։ «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլին, ով ստացել է ավելի քան 62 % ձայն, հաղթանական է տոնել առաջին փուլում, ինչը հայ փորձագետների համար մի փոքր զարմանալի է, քանի որ նրանք կարծում էին, թե Մարգվելաշվիլին կհաղթի գոնե երկրորդ փուլում, քանի որ շատ խոստումներ օդում էին մնացել:

Այդուհանդերձ՝ հաղթանակն ապահովված է և առաջիկայում Վրաստանը կունենա նաև նոր վարչապետ, ինչից հետո էլ, ըստ փորձագետ Ալիկ Էրոյանցի, պարզ կդառնա թե ինչ արտաքին քաղաքականություն է վարելու Վրաստանը։ «Նա բնականաբար կլինի Իվանիշվիլիի մարդը և կբարելավվեն ՌԴ հետ հարաբերությունները։ Վրաստանը միաժամանակ չի հրաժարվի ԵՄ ուղղությունից ու ՆԱՏՕ-ից»։

Ամեն դեպքում՝ նախագահական ընտրություններից հետո Ռուսաստան- Վրաստան հարաբերությունները նոր փուլ կթևակոխեն, ինչը, փորձագետ Ալիկ Էրոյանցի կարծիքով, Հայաստանի շահերից է բխում, մասնավորապես` կթուլանա ադրբեջանա-թուրքական գործոնը Վրաստանում, ինչը ձեռնտու է մեզ։

«Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլին շատ ձայներ հավաքեց նաև Ջավախքում, ինչը, ըստ Ջոնի Մելիքյանի, պայմանավորված էր Միխայիլ Սահակաշվիլիի որոշ հայտարարություններով, որ նա հնչեցրել էր Ջավախքում։ Իսկ որքանո՞վ է հավանական, որ Վրաստանում նոր նախագահի ղեկավարման պայմաններում արդիական դառնա Աբխազական երկաթուղու գործարկման հարցը: Փորձագետների համոզմամբ՝ այն լուծում կստանա միայն այն դեպքում, երբ հայկական կողմը հետևողանակություն դրսևորի ու անընդհատ  բարձրաձայնի դրա մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button