ԿարևորՏնտեսական

Հայտնի ոսկեգործները առայժմ պատրաստ են իրենց գործը դնել հայրենիքում. բացվեց «Երեւան շոուն»

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայ ոսկերիչների  համաշխարհային ասոցիացիայի նախաձեռնությամբ արդեն երրորդ անգամ հայրենիքում են   հավաքվել 125 ոսկերչական ընկերության  սեփականատերեր ու ներկայացուցիչներ  աշխարհի 23 երկրներից։ Այսօր Երևանում բացվեց «Երևան Շոու 2013» էքսպո-ցուցահանդեսը։ Նախորդ երկու տարիների համեմատությամբ՝ այս տարի երեք անգամ ավելացել է մասնակիցների թիվը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ցուցահանդեսի բացմանը, շրջել տաղավարներով,  զրուցել  մասնակիցների հետ: Ավելի ուշ՝ Հայ ոսկերիչների  համաշխարհային  ասոցիացիայի նախագահ Գագիկ Գևորգյանը «Ռադիոլուրին» փոխանցել է, որ նախագահին ամենաշատը տիրող մթնոլորտն է դուր եկել, քանի որ նկատել է,  թե աշխարհի  տարբեր երկրներից ժամանած մեր հայրենակիցները ինչպես են սիրում հայրենիքը։

Հայ ժողովդրի սերը դեպի ոսկերչությունը հազարամյակների պատմություն ունի: Դա են վկայում Լճաշենի, Կարմիր բլուրի, Գառնիի Արտաշատի  ու այլ վայրերի պեղումներից հայտնաբերված իրերը՝ ոսկե թասերը, ոսկե պսակները, ականջօղերը , կրծքազարդերը։ «Ոսկերչությունը հայերի  արյան մեջ է»,- ասում է  Հայ ոսկերիչների  համաշխարհային ասոցիացիայի նախագահ Գագիկ Գևորգյանն ու նկատում՝ ոսկերիչներ են նաև քանդակագործները, նրանք, ովքեր ձեռքով մանրազնին ու նուրբ աշխատանք են կատարում:

Աշխարհին հայտնի հայ ոսկերչական ավադույթները շարունակելու նպատակով արդեն երրրոդ տարին է, ինչ Հայաստանում անցկացվում է «Երևան Շոու 2013» էքսպո-ցուցահանդեսը, որի մասնակիցների թիվն այս տարի նախորդների հետ համեմատած երեք անգամ ավելացել է:   Նախաձեռնողն ու իրականացնողը Հայ ոսկերիչների  համաշխարհային ասոցիացիան է, վերջինիս աջակցում է ՀՀ կառավարությունը, էկոնոմիկայի նախարարությունն ու Արդյունաբերության զարգացման հիմնադրամը: Ցուցահանդեսն անցկացվում է  ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո:

Էքսպո ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ  Սարգսյանը, ով  շրջեց բոլոր տաղավարներով, զրուցեց մասնակիցների հետ: Նախագահի տպավորություններն ավելի ուշ մեր խնդրանքով փոխանցեց Հայ ոսկերիչների  համաշխարհային  ասոցիացիայի նախագահ Գագիկ Գևորգյանը։ «Նախագահին մթնորոտը դուր եկավ, որովհետև տեսավ, թե տարբեր երկրներից ինչպես են մարդիկ գալիս Հայաստան, սկսում են սիրել Հայաստանը, հարյուրավոր հայերը, որ այսօր այստեղ են, նրանց 50 տոկոսն առաջին անգամ է  Հայաստանում»։

Առաջին անգամ  Կալիֆորնիայից Հայաստան է եկել նաև  զրուցակիցս՝ Ժիրայր Թորոսյանը: Կյանքի հիսուն տարին լրանալուց  հետո առաջին անգամ է  հայրենիքում:  Ժիրայրը դժվարանում  է նկարագրել այն ապրումները, որ ունեցավ  հայրենի հող ոտք դնելու առաջին պահին։ «Ճիշտը խառն էր, որովհետև առաջին անգամ ենք, շատ լավ ժամանակ կանցկացնենք, նամանավանդ հայրենիքը, որ միշտ լսած ենք, հեռուեն, հեռատեսլիեն, բայց այսօրվա օրով իրականացավ։ Ամեն մարդ կըտեսնինք հայերեն կը խոսին, հայերեն կը գրինք, շատ լավ ժամանակ կանցկացուցինք»։

Ոսկեգործությունը, ժամագործությունն ու ադամանդագործությունը ՀՀ կառավարությունը գերակա ուղղություն է հռչակել: Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը նշում է, որ 2013թ առաջին վես ամսվա ընթացքում ոլորտի արտադրանքը  կազմել է ութ մլրդ դրամ,   նախորդ տարվա արտադրանքն էլ գումարելով  փաստում է, որ    կես տարվա  ընթացքում Հայաստանից  արտահանումը   տասը միլիարդ դրամ է կազմում։

Էքսպոյի շրջանակներում քննարկվում է  նաև ազատ տնտեսական գոտի ստեղծելու հարցը: Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը  կարծում է , որ այն կսկսի գործել հաջորդ տարվա կեսերից  արդեն: Հայաստան ժամանած գործարարները պատրաստ են  արտերկրում ծավալած գործունեությունը  շարունակել նաև հայրենիքում։ «Սելեքթիդ  ֆայնինգս » ընկերությունը աքսեսուարներ է պատրաստում ոսկերիչների, ադամանդագործների համար։ Ընկերության սեփականատերը՝ Ժիրայր Թորոսյանը  վստահեցնում է՝ պատրաստ է աշխատել հայրենիքում, ավելին՝ այստեղ են հենց այդ նպատակով։ «Շատ ուրախությամբ կուզեինք  ամեն ինչ հոս փոխադրել։ Ի վերջո՝ ասիկա մեր հայրենիքն է, որ նա մեն ձևով պիտի առաջ տանինք»։

Ալֆրեդ Թերզիբաշյանը «Դելա քուր» ընկերության սեփականատերն է, գործնական նպատակով Հայաստանում է  առաջին անգամ, մինչ այդ՝ երկու անգամ էլ է հասցրել հայրենիքում լինել: Իրենց արտադրանքը հայ սպառողի համար բավականին բարձր գին ունի՝ 15 հազարից մինչև 1,5 միլիոն դոլար:  Ալֆրեդ Թերզիբաշյանը   ևս պատրաստ է գործունեություն ծավալել Հայաստանում. «Միշտ պատրստ ենք գործ անել հայրենքին հետ»։

Հավելենք, որ ցուցահանդեսին մասնակցելու համար Հայաստան է ժամանել նաև 140 գնորդ. սա տեղական արտադրողների  համար ոչ միայն սպառողներ  ու նոր շուկաներ գտնելու լայն  հնարավորություն է։

Ցուցադրել ավելի
Back to top button