Հասարակություն

Դիլիջանի միջազգային դպրոցի ընդունելությունը կսկսվի նոյեմբերի 1- ից

Միացյալ համաշխարհային քոլեջներ կրթական ցանցի տնօրենների խորհուրդը հայտարարել է, որ Դիլիջանի միջազգային դպրոցը (DIS) դարձել է UWC-ի լիիրավ անդամ եւ կկոչվի UWC Dilijan, ասված է դպրոցի այսօր տարածած հաղորդագրության մեջ։ Աշակերտների ընդունելությունը կմեկնարկի նոյեմբերի 1-ից` 140 երկրներում գործող UWC Ազգային կոմիտեների միջոցով։

«Դիլիջանի միջազգային դպրոցն ուրախ է տեղեկացնել UWC-ին իր անդամակցության մասին: Այն երեխաները, ովքեր ցանկանում են 2014 թվականի սեպտեմբերից դառնալ մեր աշակերտները, կարող են դիմել UWC-ի Ազգային կոմիտեներ, որոնց տվյալները հասանելի են www.uwc.org կայքում: UWC Dilijan-ը մտադիր է 2014 թ-ի սեպտեմբերին ընդունել ավելի քան 90 աշակերտների 45 երկրներից», — ասել է DIS-ի ղեկավար Ջոն Պադեֆութը։

Դիլիջանի միջազգային դպրոցը լայնածավալ բարեգործական նախաձեռնություն է, որի շնորհիվ Հայաստանը ներկայացված կլինի համաշխարհային կրթական քարտեզի վրա: Դպրոցն իր դռները կբացի 2014 թ. սեպտեմբերից: 2023-ին դպրոցում կուսանեն 650 աշակերտներ 60 երկրներից: Ուսման վճարը կլինի 30 հազար դոլար։ Ըստ դպրոցի տարածած հաղորդագրության՝ «աշակերտների 90 տոկոսը կսովորեն նվիրատուների կողմից հատկացված կրթաթոշակներով»:

Ցուցադրել ավելի
Back to top button