Սպորտ

«Բրուքլինյան ամրոցը» դիտեց նաեւ ՀՀ նախագահը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հանգամանքները, թե ինչպիսի ընտանիքից ես սերում, չպետք է ազդեցություն ունենան քո կյանքի վրա, քանի որ դու ինքդ պետք է կերտես քո ապագան: Սա Հայաստանում ամերիկյան ֆիլմերի շարքի ցուցադրության շրջանակներում այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրված փաստագրական ֆիլմի գլխավոր շեշտադրումներից մեկն է: Հայաստանում ԱՄՆ դեսպանության նախաձեռնության հիմնական ուղերձը մեկն է` ֆիլմերի ցուցադրությամբ խթանել երիտասարդության ներուժը։

Այսօր ցուցադրված «Բրուքլինյան ամրոցը» ֆիլմը Նյու Յորքի քաղաքային դպրոցներից մեկում տեղի ունեցող իրադարձությունների մասին է: Այս դպրոց են հաճախում աղքատ ընտանիքների երեխաներ: Ուսուցիչների ջանքերով՝ դպրոցում սկսում են շախմատ դասավանդել, որի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծանում է: Ներկայումս տվյալ դպրոցը ամերիկյան շախմատային կյանքում առաջատար դեր է կատարում:

«Ֆիլմի ուղերձներից մեկն էլ այն է, որ մեկ- երկու ուսուցիչ կարող են իրենց ջանքերը համադրել եւ փոխել իրենց սաների կյանքը, իսկ երիտասարդությունը,  անկախ սոցիալական կարգավիճակից, կարող է համառ աշխատանքի շնորհիվ հաջողությունների հասնել»,- ֆիլմի ցուցադրությունից առաջ լրագրողների հետ զրույցում նկատել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: Շախմատային կյանքին առնչվող ֆիլմն այսօր դիտել է նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Մինչ ֆիլմի ցուցադրությունը «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպվել է շախմատային սեսիա. Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը շախմատ են խաղացել Հայաստանի մարզերից ժամանակ 26 պատանի շախմատիստների հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button