Մշակույթ

«Ազատություն, հումոր և մատուցման յուրահատուկ ոճ». հայկական անիմացիան 75 տարեկան է

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Անիմացիոն կինոյի միջազգային  ընկերության նախաձեռնությամբ  2002 թվականից հոկտեմբերի 28-ը նշվում է որպես անիմացիայի միջազգային օր: Հայկական անիմացիայի առանձնահատկությունների, հեռանկարների ու խնդիրների մասին այսօր խոսել է ռեժիսոր , մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը: Վերջինը տեղեկացրել է, 2014-ի նոյեմբերին էկրան կբարձրանա «Անահիտ» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը, որը հավակնում է դառնալ հայկական անիմացիայի լավագույն ձեռքբերումներից մեկը։

1892 թվականի հոկտեմբերի  28-ին տաղանդավոր նկարիչ և գյուտարար  Էմիլ Ռեյնոն փարիզյան հանդիսատեսին առաջին անգամ ներկայացրեց իր պրակսինոսկոպ  սարքը, որը ցուցադրում էր շարժվող նկարներ: Հենց այդ իրադարձությունն էլ ազդարարարեց   անիմացիոն կինոյի դարաշրջանի սկիզբը: Հայկական անիմացիան 75 տարվա պատմություն ունի։ Ռեժիսոր, մուլտիպլիկատոր, «Ռոբերտ Սահակյանց փրոդակշըն» ընկերության ղեկավար  Դավիթ Սահակյանցն ասում է՝ ինչպես դասական ոճի, այնպես էլ եռաչափ   անիմացիան Հայաստանում այսօր վերելք է ապրում։

Անիմացիայի ոլորտում ինքնադրսևորվելը Հայաստանում, այնուամենայնիվ բարդ խնդիր է, նախ՝ այն պատճառով, որ անիմացիոն ֆիլմը թանկ հաճույք է: Մեծ դժվարություններով ստեղծված ֆիլմերն էլ հաճախ սահմանափակվում են մեկ-երկու ցուցադրություններով: Երբեմն էլ դրանք մեծ էկրաններից ընդհանրապես հեռուստաեթեր չեն տեղափոխվում: Արդյունքում՝ մեր երեխաներն ավելի լավ են ճանաչում հոլիվուդյան Թոմին, Ջերրին և Շրեկին, քան՝  հայկական մուլտֆիլմերի հերոսներին:

Խնդրի հիմքում, ըստ Սահակյանցի, վատ գովազդն է, PR ասվածը, որը մեզանում, գրեթե, գոյություն չունի։ «Ազատություն, հումոր և մատուցման յուրահատուկ ոճ». այն, ինչ բնորոշում է հայկական անիմացիայի այն դպրոցը, որը ստեղծեց Ռոբերտ Սահակյանցը: Նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը  Ֆրանսիայի Անսի քաղաքում մեծ ոգևորությամբ  ընդունվեց, ապա նույն հաջողությամբ ծրագիրը ներկայացվեց  ևս յոթ երկրներում: Ցուցադրությունները հաճախ ուղեկցվում էին հայկական անիմացիայի առանձնահատկությունների վերաբերյալ դասախոսություններով: Հայկական անիմացիայի հանդեպ հետաքրքրությունն ակնհայտ էր: «Ռոբերտ Սահակյանց արվեստագետի հիմնադրած դպրոցի ժառանգորդներս փորձում ենք պահպանել ավանդույթները՝ հետևելով նաև ժամանակի ռիթմին»,- ասում է  տաղանդավոր մուլտիպլիկատորի որդին՝ Դավիթ Սահակյանցը:

Ցուցադրել ավելի
Back to top button