Քաղաքական

Փորձում են վերածնել ՀՀՇ- ն. այսօր կայացավ հիմնադիր համագումարը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այսօր տեղի ունեցավ Հայոց համազգային շարժման վերականգնման հիմնադիր համագումարը:  Համագումարին մասնակցում էին ավելի քան 200 պատվիրակներ, ներկա էին «Ժառանգություն» կուսակցությունից Ռուբեն Հակոբյանը, Արմեն Մարտիրոսյանը, «Հանրապետության» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը։ Հրավիրել են նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ՄԱԿ կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանին , ՀԺԿ կուսակցության առաջնորդ  Ստեփան Դեմիրճյանին, ով սակայն տեխնիկական պատճառներով ներկա չէր, սակայն ներկայացուցիչ էր ուղարկել։ Համագումարին չէին հրավիրել ՀՀՇ- ական, այժմ ՀԱԿ անդամ դարձած գործընկերներին։

ՀՀ օրհներգից  և  Ազգային զարթոնքի Շեփորի  հնչյունների ներքո մեկնարկեց նոր ՀՀՇ- ի վերածնման հիմնադիր համագումարը:  1989 թ սկիզբ առած Շարժումը  Հայաստանի նորագույն պատմութան  այն փուլը եղավ, որը նշանավորվեց որակապես ազգային նոր մտածողության արմատավորմամբ: 1990թ  ստանձնելով հանրապետության քաղաքական իշխանությունը `ՀՀՇ որպես իշխող կուսակցություն կրեց անցման շրջանի դժվարություների, թերացումների ու բարոյական  արատների ողջ պատասխանատվությունը, հայտարարում են ՀՀՇ վերածնունդը նախաձեռնողները։

1998թ ՀՀՇ- ն դարձավ ընդդիմադիր ուժ, իսկ  2013 թ փետրվարի 23- ին տեղի ունեցած համագումարում  անվանափոխություն պատրվակով դադարեցվեց Հայոց համազգային շարժում կուսակցության գործունեությունը:։ Նույն  այդ  համագումարում   ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանն  նշելով, որ ՀՀՇ-ն  որպես առանձին կուսակցություն վերջին հինգ տարիներին ոչ մի բան չի արել՝ փաստեց, որ Վանո Սիրադեղյանի՝  երկիրը լքելուց հետո այդ կուսակցությունը, ինչպես Տեր-Պետրոսյանն էր բնորոշել, դարձել է «գեղական մի կլուբ»:  Սակայն առաջին նախագահի այս գնահատականներին համաձայն չէին ՀՀՇ- ի որոշ հայտնի դեմքեր, որոնք նախաձեռնել են վերածնել ՀՀՇ  կուսակցությունը:

Եվ այսօրվա համագումարում արդեն ՀԱԿ առաջնորդի վերը բերված գնահատակններն էին պատճառը, որ իրենց երբեմնի կուսակիցներին՝ ՀԱԿ ներկայացուցիչներին այսօր չէին հրավիրել։ Ինչ վերաբեում է, այսպես ասենք, վերծննդի համագումարին, «սա զուտ օրենքի տառին համապատասխանող իրավական ձեւակերպում տալու անհրաժեշտությունից բխող հավաք է, նշեց ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Նա իր ելույթում որոշ չափով բացեց փակագծերը  վերջին տարիներին ՀՀՇ-ում տեղի ունեցած գործընթացների ու խմորումներին  վերաբերյալ։ Ալեքսանդր Արզումանյանի խոսքով՝ ստալինյան ռեժիմից հետո առաջին անգամ «վնասարարություն» բառը կիրառվեց, մի խումբ մարդկանց պիտակավորեցին որպես «վնասարարներ» եւ արտակուսակցական գործունեության արդյունքում՝ ՀՀՇ-ականների մի մասը  դուրս մնաց վարչությունից։

Մեր պայքարը, սակայն, ոչ թե Հայ ազգային կոնգրեսի, այլ այս ապօրինի իշխանությունների  դեմ է, հավաստիացնում է  ՀՀՇ վերածնված կուսակցությւան  անդամ Արարատ Զուրաբյանը և անցում կատարելով Լևոն Տեր- Պետրոսյանի  որակավորմանը, որ ՀՀՇ-ին  անվանել էր«գեղի կլո՞ւբ»,  Զուրաբյանը նշեց. «Ամեն մեկն, իր նախընտրությունների համեմատ ունի իր կլուբը: Կլուբ կա, որը հաճախելը ավելի նախընտրելի է: Թող մերը գեղի լինի»։

ՀՀՇ վերականգնման հիմնադիր համագումարն այսօր միաձայն հաստատեց կուսակցության ծրագիրը եւ կանոնադրությունը, պատվիրակներն ընտրեցին ՀՀՇ-ի վարչության կազմը։ Նրանց շարքում են Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը, Հովհաննես Իգիթյանը  և այլն։ Արդեն կազմի հաստատումից հետո նախաձեռնող խմբի անդամ Հովհաննես Իգիթյանը հայտարեց. 25 տարի առաջ եղել է շարժում, իրենց ոչ ոք չի կարող մեղադրել, որ իրենք  իշխանության պրոյեկտ են։  «Մենք պետք է փորձենք մեր արժանապատիվ անցյալով բարձրացնել քաղաքական կուսակցությունների դերը»,- հայտարարեց նա։

Ցուցադրել ավելի
Back to top button