Միջազգային

«Ցտեսություն, պրն. նախագահ». Սահակաշվիլիի կողմնակիցները հրաժեշտ են տալիս

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»

Վրաստանի նախագահի նստավայրի մոտ մի խումբ քաղաքացիներ այսօր կազմակերպել են «Ցտեսություն, պարոն նախագահ» ակցիան։ Սրանով ակցիայի կազմակերպիչներն իրենց շնորհակալությունն են հայտնել նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին անցած 9 տարիների ընթացքում ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ունեցած ձեռքբերումների համար: Հիշեցնենք, կիրակի Վրաստանում կանցկացվեն նախագահական ընտրություններ, որին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իրավունք չունի մասնացելու։

Անցած 9 տարին Վրաստանի պատմության մեջ կմնա որպես ոսկե դար, իսկ նախագահ Սահակաշվիլին որպես լավագույն նախագահ. վստահ են ակցիայի մասնակիցները: «Միշա դու մեզ ազատություն ես տվել», «Միշա դու մեզ մոտեցրել ես Եվրոպային ու ՆԱՏՕ-ին», «Մենք քեզ սիրում ենք, պարոն նախագահ, ցտեսություն». այսպիսի կոչերով նրանք հրաժեշտ տվեցին Սահակաշվիլիին, ով վերջին օրերն է անցկացնում նախագահի պաշտոնում։

Լրագրող Օլեգ Պանֆիլովը, ով հայտնի է իր հակառուսական հայցքներով, նույնպես նախագահական նստավայրի մոտ էր: Նրան Միխայիլ Սահակաշվիլին հինգ տարի առաջ շնորհեց Վրաստանի քաղաքացիություն։ «Ես նրան չեմ ընտրել, բայց ինքն ընտրել է ինձ: Դրա համար ես այստեղ եմ` ասելու շնորհակալություն: Առաջին անգամ Վրաստանի պատմության մեջ նախագահը հեռանում է ոչ թե պատերազմական կամ հեղափոխական, այլ՝ ժողովրդավարական ճանապարհով։ Բայց քանի որ նա երիտասարդ քաղաքական գործիչ է, ես մտածում եմ, որ նա շուտ կվերադառնա»,- ասում է։

Վրացի հայտնի դաշնակահար Խաթիա Բունիաթիշվիլին, ով նույնպես մասնակցում էր ակցիային, հայտարարեց, որ իր նախագահը հանճարեղ է։ «Ես այստեղ եմ՝ շնորհակալություն ասելու իմ նախագահին, շնորհակալություն այն ամենի համար, ինչ նա արել է Վրաստանի համար»։

Հակառակ ակցիայի մասնակիցների սպասումներին՝ Սահակաշվիլին դուրս չեկավ նստավայրից , փոխարենը՝  լուսամուտից ծածանվեց Վրաստանի դրոշը: Աղմուկը թեև խանգարում էր Հավլաբարում գտնվող նախագահական նստավայրի մոտ ապրող մարդկանց, սակայն վերջիններիս չէր հետաքրքրում, թե ինչ է կատարվում իրենց հարևանությամբ։ «Մենք այստեղ նարդի ենք խաղում. սա է մեր ակցիան: Ինչ շնորհակալություն, չգիտեմ, ինձ համար ոչ ոք ոչինչ չի արել»,-ասում էին նրանք։

Ցուցադրել ավելի
Back to top button