Հայկական ու ավստրիական երաժշտությունները տխրություն ունեն իրենց մեջ . Երեւանում կրկին «Քրիստոֆ Չեխ» ջազ- տրիոն է


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Ավստրիական «Քրիստոֆ Չեխ» ջազ- տրիոն կրկին Երևանում է: Անցյալ տարի տրիոն Երևանը 2012 թ-ի Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու շրջանակներում Երևանում ներկայացրել է Սայաթ –Նովայի ստեղծագործությունների մշակումները՝ նվիրված մեծ աշուղի 300- ամյակին։ Անցյալ տարի Հայաստան այցից հետո այս տարի ևս ավստրիացի երաժիշտների մոտ ցանկություն առաջացավ ևս մեկ անգամ լինել Երևանում, քանի որ տպավորված են Հայաստանով և կարծում են, որ մեր երկիրը մշակութային է և մշակույթով շատ հետաքրքրված։ «Հայաստանում մշակույթ կա, և կարծում եմ, որ ես երաժշտության այս ոլորտում այստեղ հայրենիք ունեմ: Հայկական ու ավստրիական երաժշտությունները մի տեսակ տխրություն ունեն իրենց մեջ և դա ընտանեկան զգացողություններ է առաջացնում»։
Այցի նպատակն է ավելի սերտ հարաբերություններ ստեղծել հայկական և ավստրիական ջազի երաժիշտների միջև, նշեց կոմպոզիտոր Քրիստոֆ Չեխը: Այսօրվա համերգն այդ հնարավորությունն ընձեռելու է: Հայ ջազմենների մասին նրանք տեղեկություններ չունեն, սակայն ցանկությունը մեծ է ճանաչել վերջիններիս՝ չնայած որ ունեն ծագումով հայ ջազմեն ընկերներ։ «Նյու Յորքում նվագել եմ ավանգարդ ֆոլկ ոճում ստեղծագործող Արտո Թունջբոյաջյանի հետ: Մեզ մոտ էլ` Ավստրիայում, լավ եմ ճանաչում հայ ջազմեն, դաշնակահար Կարեն Ասատրյանին»,- ասում է Պետեր Հաբեթին։
Նախապատրաստված հատուկ ծրագրով տրիոն եկել է Երևան, սակայն չի բացառում, որ համերգի ընթացքում լինեն նոր մտահաղացումներ հայ երիտասարդ ջազմենների մասնակցությամբ: Անցյալ տարի տրիոն իր ծրագրում ընդգրկել էր Սայաթ Նովայի ստեղծագործությունների մշակումները և, կոպոզիտոր Չեխի խոսքով, իրենք պետք է արմատներ գտնեն արևելյան երկրների մեջ և ներկայացնեն նրանց երաժշտական ավանդույթները։