

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Ավարտվող շաբաթվա ընթացքում օրենսդրական քննարկումներին զուգահեռ Ազգային ժողովում քննարկվում էր նաև միջազգային կառույցներում Հայաստանը ներկայացնող խորհրդարանական պատվիրակությունների ձևավորման նոր կարգը : ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խմբակցությունների ղեկավարների հետ երկու խորհրդակցությունից հետո հրապարակեց պատվիրակություններում խմբակցությունների միջև տեղերի բաշխման նոր կարգը: Այն, ըստ էության, ԱԺ մոտ 1 տասնյակ պատվիրակությունների կազմում մեծ փոփոխություններ չի արձանագրել: Բացառությունը ԵԽԽՎ պատվիրակությունն է: Այստեղ ներկայացուցիչ ունենալու իրավունքից զրկվել է «Ժառանգություն» խմբակցությունը, փոխարենը՝ այդ հնարավորությունը ստացել է ՕԵԿ-ը։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը պատվիրակությունների նոր կարգի հրապարակումից հետո չուշացրեց արձագանքը. կայացված որոշումը ավտորիտար համարեց և խորհրդարանական մեծամասնությանը դժվարին օրեր խոստացավ։ «Պարոն Աբրահամյան, ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ այս ավտորիտար որոշման դեմ լինելու է համապատսախան բողոքարկում: Ձեզ դժվարին օրեր են սպասվում, այս որոշումը չի ներվելու»,- սպառնաց Փոստանջյանը։
Իսկ արդեն քառօրյան ամփոփող ճեպազրույցների ժամանակ մանրամասնեց, թե ինչ նկատի ուներ դժվարին օրեր խոստանալով: Խոսքը, ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի, կայացված որոշումը ԵԽԽՎ-ում բողոքարկելու մասին է: Գործընթացը, դեռ ոչ պաշտոնապես, բայց արդեն սկսված է: «Իհարկե, կատարված քայլը ունենալու է իր հետևանքները: Պատվիրակության կազմը ԵԽԽՎ-ին պաշտոնապես ներկայացվելու է հունվարին, մինչ այդ ես ոչ պաշտոնական խողովակներով սկսել եմ բողոքարկման գործընթացը»,- ասաց։
Ի դեպ՝ համանման իրավիճակ «Ժառանգության» և Զարուհի Փոստանջյանի հետ եղել էր նաև 2010 թվականին: Այդ անգամ դժգոհության առիթը ընդդեմ Հայաստանի բանաձև ընդունելու Փոստանջյանի նախաձեռնությունն էր, որն ի կատար ածելու ճանպարհին նա դիմել և ստացել էր նաև ԵԽԽՎ-ում թուրք և ադրբեջանցի պատվիրակների ստորագրությունը: Հաջորդ նստաշրջանին, սակայն, ԵԽԽՎ-ի աջակցությամբ և ֆինանսավորմամբ, Փոստանջյանը դարձյալ Ստրասբուրգում էր։
Կարգի վերանայման արդյունքում՝ ԵԽԽՎ հայստանյան պատվիրակությունում 3 անդամի տեղ կունենա ՀՀԿ-ն, 2 տեղ ԲՀԿ-ն, 1-ական տեղ ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն։ Վերանայված կարգը պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն արդարացի է համարում։ «Իրականում՝ խնդիրը հետևյալն է՝ հնարվորինս հաշվի առնել ԱԺ քաղաքական ներկապնակը: Բայց կան պատվիրակություններ, որոնք ընդամնեը 3 անդամ ունեն, դրանցում, բնականաբար, բոլոր խմբակցությունները ներկայացուցիչ ունենալ չեն կարող: Այնպես որ՝ գերական ոչ թե սզկզբունքն է, որ յուրաքանչյուր խմբակցություն ներկայացված լինի, այլ որ ընդհանուր ներկայացվածությունը արդարացի լինի»:
Հանձնաժողովում ՀՅԴ-ն ներկայացնող Արմեն Ռուստամյանը վստահ է, որ Զարուհի Փոստանջյանի բողոքը կհասնի ԵԽԽՎ: Այդ բնույթի հարցերով Վեհաժողովում սովորաբար զբաղվում է կանոնադրային հանձնախումբը, որի կազմում են Դավիթ Հարությունյանն ու Արմեն Ռուստամայանը: Հենց վերջինից էլ հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է կարծում, բողոքին ինչպես կարձագանքի հանձնախումը։ «Ֆորմալ առումով ես չեմ տեսնում այն հիմքերը, որոնցով այստեղ ԵԽ-ն պահանջի վերանայել պատվիրակության կազմը»։
Հետաքրքվեցինք, թե ինչպես կարձագանքի հանձնաժողովը Փոստանջյանի բողոքի այն մասին, երբ տեղի ունեցածը որպես Ստրասբուրգում հնչեցրած հարցի հետևանք և կարծիք արտահայտելու համար հետապնդում ներկայացվի։ «Դա արդեն քաղաքական հարց է: Հանձնաժողովը դա չի քննարկելու, քննելու է պատվիրակության ձևավորման հարցը և այն, թե «Ժառանգության» չլինելն արդյո՞ք հակասում է ԵԽԽՎ կանոնադրությանը: Ֆորմալ առումով հիմքերը թույլ են»։
Ռուստամյանի անձնական կարծիքով՝ պատվիրակության աշխատանքը Փոստանջյանի բացակայությունից կտուժի: Կա մի դաշտ, որտեղ Փոստանջյանն անգերազանցելի էր և նրա բացակայությունից այդ դաշտը տուժելու է, ասում է Ռոսւտամյանը: «Դա այն դաշտն է, երբ մենք խնդիր ունենք տարբեր բանաձևեր ընդունելու, ստորագրահավաք իրականացնելու, օրինակ մեր երկրի համար կարևոր հարցերում: Այդ դաշտում Փոստանջյանն աշխատել է բոլորից լավ»։